ՄԱՐՏՈՒՆՈՒ ԵՎ ՀԱԴՐՈՒԹԻ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵՑԻՆ ՏՆԿԻՆԵՐ
13/12/2016
Ավարտին է մոտենում ԼՂՀ կառավարության՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի, Հադրութի, Մարտունու և Շահումյանի շրջանների գյուղատնտեսության զարգացման 2016 թվականի ծրագիրը հաստատելու մասին» որոշման շրջանակներում գյուղատնտեսության նախարարության կողմից պտղատու այգիների հիմնադրման նպատակով տնկիների տրամադրման գործընթացը:
Ծրագրի շրջանակներում ԼՂՀ Մարտունու և Հադրութի շրջանների հողօգտագործողներին են տրամադրվել խնձորենու, տանձենու, ցածրաճ ընկուզենու, արևելյան խուրմայի, կեռասենու, դեղձենու, սալորենու, ծիրանենու և զկեռենու բարձրորակ տնկիներ:
Նշենք նաև, որ տնկիների տրամադրման գործընթացը շարունակական բնույթ կկրի և կշարունակվի նաև գալիք տարում պտղաբուծության զարգացման ծրագրերի շրջանակներում: