Հրանտ Սաֆարյանը նշանակվել ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն
02/06/2020
Հունիսի 2-ին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանն այցելել է ԱՀ «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամ և, Հոգաբարձուների խորհրդի որոշման համաձայն, աշխատակազմին ներկայացրել նորանշանակ տնօրեն Հրանտ Սաֆարյանին։
Արցախի կառավարության որոշմամբ, այսուհետ Հիմնադրամի հոգաբարձուների նախագահը, ի պաշտոնե, լինելու է գյուղատնտեսության նախարարը:
Հիմնադրամի տնօրենի պաշտոնում բարեխղճ ու արդյունավետ աշխատանքի համար նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Տիգրան Ծատրյանին՝ նրան պարգևատրելով ԳՆ «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով:
Հիմնադրամի նորանշանակ տնօրեն Հրանտ Սաֆարյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերված բարձր վստահության համար և նշել գյուղատնտեսության աջակցության բնագավառում պետական ծրագրերի իրագործման ուղղությամբ իր պատրաստակամության մասին:
Խորհրդակցության ավարտին նախարար Աշոտ Բախշիյանը նշել է, որ այս տարի ԳԳԱՀ-ի կողմից գարին կմթերվի 100 ՀՀ դրամով՝ 1 կգ-ի դիմաց՝ Արցախի պահեստներում (ՀՀ պահեստներում՝ նշված գնին ավելացրած ևս 15 ՀՀ դրամ): Հիմնադրամի առջև ֆինանսական պարտավորություններ ունեցողներից մթերումը կիրականացվի 105 դրամով: