ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից ժամանած պատվիրակությունը հյուրընկալվել է ԱՀ գյուղնախարարությունում
20/04/2018
ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պատվիրակությունը՝ գլխավորությամբ ծառայության պետ Իշխան Կարապետյանի, ապրիլի 20-ին այցելել է ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն: Այցի նպատակը կայանում էր սննդամթերքի անվտանգության ոլորտում երկու մարմինների միջև սերտ համագործակցության, փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման ուղղություններում առավել բարձր մակարդակ սահմանելու մեջ:
ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել նման նախաձեռնության համար, այնուհետև ներկայացրել
Արցախում սննդամթերքի անվտանգության ոլորտի ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները: Ի. Կարապետյանն իր հերթին խոսել է ՀՀ ՍԱՊԾ-ում գործող ծրագրերի և դրանց՝ Արցախում գործարկելու անհրաժեշտության մասին: Մասնավորապես, խոսվել է պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու, սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրեր, սննդի շղթայի օպերատորների ռեյտինգավորման համակարգ, ռիսկերի էլեկտրոնային հաշվիչ, հաշվառման և համարակալման թվայնացված համակարգ ներդնելու անհրաժեշտության մասին, որոնք, ըստ միջազգային ստանդարտների, սննդամթերքի
անվտանգության ապահովման հիմնական հենասյուներն են: ՀՀ ՍԱՊԾ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել արցախյան գործընկերներին տվյալ ծրագրերի ներդրման և մասնագետների վերապատրաստման և որակավորման հետ կապված ցանկացած հարցում:
Հանդիպումից հետո սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունների պետեր՝ Ի. Կարապետյանն ու Հ. Ապրեսյանը կազմակերպված մամլո ասուլիսի շրջանակում պատասխանել են լրագրողների հարցերին:
Պատվիրակությունը նախարարի ուղեկցությամբ եղել է նաև «Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորոտորիա» ՊՈԱԿ-ում և Արցախում գործող միակ սպանդանոցում: