|
ՀՀ ԷՆ «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ պատվիրակությունն Արցախում է. կընդլայնվի ԱՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցության շրջանակը
11/07/2022
ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանի ուղեկցությամբ պատվիրակությունը նախ այցելել է Մարտունու շրջանի Բերդաշեն համայնք՝ այստեղ ընկերության կողմից փորձարկվող եգիպտացորենի ցանքսերի վիճակը գնահատելու նպատակով: Այնուհետև կայացել է հանդիպում ԱՀ ԳՆ «Սերմնաբուծության, սելեկցիոն նվաճումների փորձարկման, պահպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն» ՓԲԸ տնօրեն Արտակ Սաֆարյանի հետ և քննարկվել երկու ընկերությունների համագործակցության շրջանակի ընդլայնման հնարավորությունները:Մասնավորապես, ձեռք են բերվել պայմանավորվածություններ սուպեր էլիտա սերմի տրամադրման, տեղի մասնագետների՝ Գյումրիում վերապատրաստման, ինչպես նաև գիտափորձնական վերլուծություններում և գիտական ամսագրերում հոդվածների տպագրման աշխատանքներում տեղի մասնագետների ներգրավման ուղղությամբ: «Տոհմային Կայան» ՓԲԸ-ում պատվիրակության ներկայացուցիչները ծանոթացել են Արցախում տոհմային անասնաբուծության առանձնահատկություններին: Կայանի տնօրեն Գեորգի Լալայանը հյուրերին ծանոթացրել է ֆերմայի նյութատեխնիկական հագեցվածությանն ու տեղում կիրառվող՝ տոհմային կենդանիների պահման, խնամքի, կերակրման, կթման գործընթացներում ավտոմատացված տեխնոլոգիաներին: «Արցախի տոհմային տնտեսությունը հաճելիորեն զարմացրեց իր զարգացածությամբ ու առաջադիմությամբ, այստեղ կիրառվող առաջավոր փորձը կարող է օրինակելի լինել նաև մեզ համար», — նշել է Դ. Մարտիրոսյանը: Պատվիրակության ներկայացուցիչները եղել են նաև ԳՆ սերմնաբուծական կայանին պատկանող սորտափորձակման դաշտերում, որտեղ ծանոթացել են անջրդի պայմաններում աճեցվող հացահատիկայինների ցանքսերին: Օրվա երկրորդ կեսին պատվիրակությանն ընդունել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանը: Հանդիպմանն ամփոփվել են օրվա ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններն ու առաջիկա անելիքները: Նորայր Մուսայելյանը նշել է, որ չափազանց բարձր է գնահատում համագործակցությունը ՀՀ ԷՆ «Գյումրիի սելեկցիոն կայանի» հետ և շնորհակալություն է հայտնել նրանց՝ Արցախի համանուն կառույցին մշտապես օժանդակելու համար: «Հուսանք, որ հետևողական ու նպատակային աշխատանքի արդյունքում կկարողանանք սերմնաբուծության ոլորտն Արցախում հասցնել առավել բարձր մակարդակի և ապահովել հացահատիկայինների սերմացուի պահանջարկը տեղական արտադրությամբ», — եզրափակել է նախարարը: |