Հիմք է դրվել փոխգործակցությանը
19/09/2019
Սեպտեմբերի 8-14-ը ԱՀ գյուղատնտեսության նախարարության պատվիրակությունը, ի դեմս նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանի, ԳՆ աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Նորայր Մուսայելյանի և ջրային համակարգերի օգտագործման և պահպանության պետական տեսչության պետ Արմեն Ներսիսյանի, եղել է ՌԴ Սամարայի մարզում: Այցն իրականացվել է «ՍԻՆԿՈ» ընկերությունների խմբի ղեկավար, մեր համերկրացի Էդուարդ Մնացականյանի հրավերով: Այցի նպատակը գյուղատնտեսության ոլորտում փորձի փոխանակումն էր:
Մեր պատվիրակությունն այցելել է ընկերությանը պատկանող մի շարք ագրո-արդյունաբերական տնտեսություններ, որոնք մասնագիտացված են սերմնարտադրության, հացահատիկի մթերման, պահպանման և վերամշակման, ինչպես նաև՝ դաշտավարությունում no-till տեխնոլոգիաների ներդրման և զարգացման ուղղությամբ: Իրականացվել են այցեր նաև անասնապահական համալիրներ և ջերմոցային տնտեսություններ::
-Այցը տպավորիչ և արդյունավետ էր բոլոր առումներով, ինչի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում կազմակերպիչներին: Հուսով եմ, որ մեր փոխգործակցությունը կշարունակվի և հետայսու, ու փոխայցերը կլինեն շարունակական, քանի որ իրենք ևս տեսնելու բան ունեն՝ ճանաչողական առումով (օրինակ, ժամանակակից կաթիլային համակարգով կահավորված մեր պտղատու այգիները և այլն):
Առաջիկայում նախատեսում ենք կազմակերպել շնորհանդես, որի ընթացքում գյուղոլորտում ներգրավված մեր տնտեսավարողներին կներկայացնենք այցի ընթացքում տարբեր ուղղություններով մեր արձանագրած լավագույն փորձը,- նշել է պատվիրակության ղեկավար Վիլեն Ավետիսյանը: