Հանրապետությունում մեկնարկել են հրդեհականխարգելիչ միջոցառումները
27/04/2019
Գարնան գյուղատնտեսական աշխատանքներին զուգահեռ՝ Արցախի Հանրապետությունում մեկնարկել են բերքահավաքին ընդառաջ հրդեհականխարգելիչ միջոցառումները, որոնք կիրականացվեն հանրապետության ողջ տարածքում:
Աշխատանքները, որոնցում ներգրավված են նաև ԳՆ Սննդի անվտանգության պետական ծառայությունը, ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, հանրապետության շրջանների վարչակազմերի գյուղբաժինները և շրջանային անասնաբուժական սպասարկման կայանները, իրականացվում են ԳՆ Բույսերի պաշտպանության ծառայության կողմից:
Ապրիլի 26-ին միջոցառումների մեկնարկը տրվել է Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի և Հադրութի շրջաններում, որտեղ իրականացվում են հրդեհականխարգելիչ լայնածավալ միջոցառումներ: ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանն այցելել է Ասկերանի և Մարտունու շրջանների այն տարածքներ, որտեղ իրականացվում են հիշյալ աշխատանքները:
-Ծրագրի իրականացման նպատակը հանրապետության շրջաններում ցանքատարածություններին հարակից հրդեհավտանգ տարածքներում և դեպի ցանքատարածքներ տանող ճանապարհների եզրերին տեղումների հետևանքով առատորեն աճած մոլախոտային բուսականության դեմ պայքարի կազմակերպման միջոցով հրդեհապաշտպան շերտերի ստեղծումն է:
Հրդեհավտանգ տարծքները կբաժանվեն առանձին հատվածների և, կախված տեղանքից, կստեղծվեն 8-18 մետր լայնությամբ հակահրդեհային, սակավ վտանգավոր գոտիներ, ինչն իր հերթին հնարավորություն կստեղծի տեղայնացնել հրդեհները և մարել դրանք նվազագույն միջոցներով և ռեսուրսներով:
Հավելեմ նաև, որ հրդեհականխարգելիչ միջոցառումները նախատեսվում են իրականացնել 1500 հեկտարի վրա և ավարտել 15-20 օրվա ընթացքում,-նշեց Վիլեն Ավետիսյանը: