|
Հանրապետությունում ընթանում են անասնաշենքերի արդիականացման աշխատանքներ
12/11/2021
 ԱՀ-ում գյուղատնտեսական կենդանիների պահվածքի, բուծման և որակական հատկանիշների բարելավման, անասնաշենքերում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման նպատակով ընթացիկ տարում իրականացվող ծրագրերից մեկի՝ «Արցախի Հանրապետությունում անասնաբուծության զարգացման խթանման ծրագրի» շրջանակում, նոյեմբերի 5-11-ը ԱՀ ԷԳՆ ներկայացուցիչները, գլխավորությամբ նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանի, հանրապետության Ասկերանի շրջանի Այգեստան և Խնձրիստան, Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ և Մեծ շեն, Շուշիի շրջանի Լիսագոր և Եղծահող համայնքներում, ինչպես նաև Մարտունու շրջանի Գիշի և հենց Մարտունի համայնքում, համաձայն ստացված և հաստատված դիմում-հայտերի, իրականացրել են անասնաշենքերի էլեկտրաֆիկացման աշխատանքների դիտարկում-ընդունում:
Նշված ծրագրի շրջանակում նախարարություն է ներկայացվել և հաստատվել, ընդհանուր առմամբ, 30 հայտ, որից 21-ը էլեկտրաֆիկացման և 9-ը ջրաֆիկացման վերաբերյալ:
«Առաջիկայում կիրականացնենք ջրաֆիկացման աշխատանքների դիտարկում-ընդունում Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների թվով 3 անասնաշենքերում»,- մանրամասնել է ԱՀ ԷԳՆ աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Ռ. Գևորգյանը:
Նշենք, որ սույն ծրագիրն իրականացվում է այն շահառուների համար, որոնք տիրապետում կամ պարտավորվում են պահել տասը և ավելի պայմանական գլուխ գյուղատնտեսական կենդանիներ:
Պետական աջակցություն տրամադրվում է յուրաքանչյուր պայմանական գլուխ գյուղատնտեսական կենդանու հաշվով՝ առավելագույնը 70 000 ՀՀ դրամի չափով, որից 90 տոկոսը՝ պետական միջոցներով անհատույց, իսկ 10 տոկոսը՝ հայտատուն սեփական միջոցներով վճարում է շինարարություն իրականացնող ընկերությանը:
|
|