Հանդիպում գյուղատնտեսության նախարարությունում
01/04/2019
Մարտի 30-ին Արցախ այցելած Հայաստանի Հանրապետության ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն այցելեցին ԱՀ գյուղատնտեսության նախարարություն, որտեղ տեղի ունեցավ հանդիպում գյուղատնտեսության, բնապահպանության և բնական ռեսուրսների ու էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության պատասխանատուների հետ:
Ողջունելով հյուրերին՝ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն ընդգծեց նման այցերի և շփումների կարևորությունը: Նա անդրադարձավ իր ղեկավարած ոլորտում իրականացվող մի քանի տասնյակ ծրագրերին՝ ընդգծելով, որ ժամանակի հետ իրենց հաջողվում է ոլորտն ավելի դինամիկ և արդյունավետ դարձնել: Հատուկ անդրադարձ եղավ այգեգործության ոլորտին, որտեղ էական է նռան մշակության դերը, ինչի արդյունքում առաջիկայում Արցախը կարող է դառնալ բարձրորակ նուռ արտահանող երկիր: Նախատեսվում է, որ բերքի մի մասը կվերամշակվի տեղում:
Ուշադրության կենտրոնում էին նաև դաշտավարությունը, բանջարաբուծությունը, անասնաբուծությունը, մեղվաբուծությունը, ինչպես նաև՝ գյուղոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման գործընթացը: Հյուրերի խնդրանքով Ժիրայր Միրզոյանն անդրադարձավ տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավվածությանը գյուղոլորտին:
Բնապահպանության և բնական ռեսուրսների վերաբերյալ բարձրացվեցին հարցեր, որոնք վերաբերում էին էներգետիկ անվտանգության ապահովմանը, վերականգնողական էներգետիկային, հէկերի կառուցման արդյունքում հնարավոր բնապահպանական և աղբահանության ու աղբավայրերի՝ ընդունված չափորոշիչներին համապատասխանելու խնդիրներին: Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանը նշեց, որ նման բնույթի բոլոր հարցերը մշտապես գտնվում են ոլորտի պատասխանատուների սևեռուն ուշադրության կենտրոնում:
Հանդիպմանը մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության Ազգայի Ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը: