Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պատվիրակությունը հյուրընկալվել է ԱՀ գյուղատնտեսության նախարարությունում
07/08/2020
Օգոստոսի 7-ին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանն ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պատվիրակությանը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի գխավորությամբ:
Պատվիրակությունն Արցախ է ժամանել ՀԱԱՀ-ի իննսունամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում՝ համապատասխան կառույցների հետ երկար տարիների համագործակցությունն ընդլայնելու ու խորացնելու նպատակով:
Իննսուն տարվա գործունեության ընթացքում Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 85 000-ից ավել շրջանավարտներ է թողարկել, որոնք մեծ դերակատարություն են ունեցել երկու հայկական հանրապետությունների գյուղատնտեսության և ագրոբիզնեսի ոլորտի զարգացման գործում:
Հանդիպման ընթացքում ռեկտորը կիսվել է իր տպավորություններով ԱՀ գյուղոլորտում իրականացվող մի շարք նորարարական ծրագրերի՝ մասնավորապես, կաթիլային ոռոգման համակարգի, նռան ինտենսիվ այգիների հիմնման վերաբերյալ` նշելով, որ Արցախի փորձը կարող է օրինակելի լինել ՀՀ-ի համար: Միաժամանակ, նա պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում կիսվել գյուղոլորտում սուբսիդավորման նոր ծրագրերի ներդրման համար անցկացվելիք՝ վերապատրաստման, կարճաժամկետ դասընթացների կազմակերպման, հավաստագրման բնագավառում ունեցած իրենց հարուստ փորձով:
Աշոտ Բախշիյանը խորին շնորհակալություն է հայտնել Վ. Ուռուտյանին այցելության և իրենց փորձով կիսվելու պատրաստակամության համար: Նա կարևորել է որակյալ կրթության դերն ու գիտության նորագույն նվաճումների կիրառումը գյուղատնտեսության մեջ՝ որպես երկու հանրապետությունների պարենային անվտանգության ապահովման առանցքային բաղադրիչների:
Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը: Խոսելով ԱՀ գյուղատնտեսության կարևորագույն ճյուղերի՝ խաղողագործության ու գինեգործության մասին, նախարարը փաստել է, որ Արցախն արդեն ունի որոշ ձեռքբերումներ՝ համաշխարհային ճանաչում ունեցող բրենդներ, սակայն դրա հետ մեկտեղ առկա են լրջագույն խնդիրներ կապված առաջին հերթին մարկետինգի հետ: Այստեղ, ըստ նախարարի, կարևոր է վերոնշյալ հիմնադրամի օժանդակությունն ու աջակցությունը: «Հուսով եմ, որ հիմնադրամի, համալսարանի և նախարարության սերտ համագործակցության արդյունքում մենք կունենանք մեր երազած գիտակրթական հենքի վրա կառուցված գյուղատնտեսությունը»,- ասել է Աշոտ Բախշիյանը:
Հանդիպումը, որին մասնակցում էին նաև ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ջիվան Հայրապետյանը և ԱՀ ԳՆ աշխատակազմի ղեկավար Էռնա Ջավադյանը, եզրափակվել է խորհրդանշական նվերների հանձնման արարողությամբ: