ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔՆ ԱՃԵԼ Է ՄՈՏ ԵՐԿՈՒՍՈՒԿԵՍ ԱՆԳԱՄ
17/02/2016
(Կայացավ նախարար Արամ Մխոյանի մամուլի ասուլիսը)
Փետրվարի 16-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունում կայացավ նախարար Արամ Մխոյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր 2015 թվականի արդյունքների ամփոփմանը:
Արամ Մխոյանը նշեց, որ հաշվետու տարում հանրապետությունում գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ընդհանուր մակերեսը կազմել է 52 հազար 210 հեկտար, ընդ որում՝ ընդհանուր ցանքատարածքներում աշնանացան մշակաբույսերի ցանքատարածքները կազմել են 40 հզար 654 հեկտար, իսկ գարնանացանինը՝ 11 հզար 556 հեկտար: 2014 թվականի համեմատ՝ անցած տարի ընդհանուր ցանքատարածքները նվազել են 15 հզար 456 հեկտարով կամ 22.8 տոկոսով, այդ թվում՝ աշնանացան մշակաբույսերի ցանքատարածքները նվազել են 10 հզար 274 հեկտարով կամ 20.2 տոկոսով, գարնանացան մշակաբույսերինը՝ 5182 հեկտարով կամ 31 տոկոսով: Հանրապետությունում ցանված հացահատիկային մշակաբույսերի 48 հզար 304 հեկտար տարածքներից (ներառյալ եգիպտացորեն), ըստ օպերատիվ տվյալների, անցած տարի փաստացի հնձվել է 45 հազար 605.5 հեկտար կամ ցանված տարածքների 94.4 տոկոսը: Կալսվել է 120 հազար 157.2 տոննա հացահատիկ, միջին բերքատվությունը հեկտարից կազմել է 26.3 ցենտներ: Հաշվետու տարում հանրապետությունում առկա՝ բերքահավաքի ենթակա 1468.2 հա խաղողայգիներից հավաքվել է 1287.6 հա տարածք, համախառն բերքը կազմել է 12 հազար 921.5 տոննա, միջին բերքատվությունը` 100.4 ց/հա: Նախորդ տարվա համեմատ, բերքահավաք իրականացված տարածքները նվազել են 727.6 հեկտարով կամ 36.1 տոկոսով, սակայն 7540.3 տոննայով կամ 2.4 անգամ աճել է համախառն բերքը. մեկ հեկտարի միջին բերքատվությունն էլ ավելացել է 73.7 ցենտներով կամ 3.8 անգամ:
Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ԼՂՀ-ում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կազմել է 53 հազար 280 գլուխ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 58 հազար 311 գլխի փոխարեն: Ընդ որում, կովերի գլխաքանակը հանրապետությունում այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմում է 21 հազար 960, խոզերինը` 23 հազար 289, մանր եղջերավոր անասուններ` 98 հազար 971 գլուխ է, թռչուններ` 378 հազար 421 թև: Ընդհանուր առմամբ, նախորդ տարվա համեմատ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն այս տարի նվազել է 5031-ով, իսկ խոզերի գլխաքանակն աճել է 10 հազար 434 գլխով: Հաշվետու տարում խոշոր եղջերավոր անասունների բրուցելյոզ հիվանդության նկատմամբ կատարվել է 47361 սերոլոգիական քննություն. 208-ի արդյունքները դրական են եղել, այսինքն, հաստատել են, որ տվյալ անասունները վարակված են բրուցելյոզով, իսկ 2014-ին կատարվել է 48301 սերոլոգիական քննություն, որից՝ 262-ը դրական: Արցախի գյուղոլորտի ղեկավարը նշեց, որ խոզաբուծության զարգացման նպատակով մշակվել է խոզամերունների և կերի արժեքի փոխառությամբ տրամադրման կարգը: Բացի այդ, անցած տարի տոհմային անասնաբուծության զարգացման և տեղական նախրի մթերատվության բարձրացման նպատակով, պետական աջակցությամբ «Տոհմային կայան» ՓԲԸ-ից՝ 54 գլուխ, իսկ «Արմ-ագրո» ՍՊԸ-ից՝ 44 գլուխ տոհմային ցուլեր են տրամադրվել անասնաբուծությամբ զբաղվող տնտեսվարողներին:
Նախարար Ա.Մխոյանի խոսքով՝ անցած տարի բարձրացել է կովերի կաթնային մթերատվությունը, աճի տեմպը կազմել է 110,7 տոկոս, որը պայմանավորված է տեղական նախրի մթերատվության բարձրացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի` տոհմային ցուլերի տրամադրմամբ և արհեստական սերմնավորման իրականացմամբ: Արցախի գյուղատնտեսության նախարարը նշեց նաև, որ անցած տարի գյուղոլորտի տնտեսվարողներին է տրամադրվել թվով 29 միավոր գերմանական արտադրության գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 20 անիվավոր տրակտոր և 9 հացահատիկահավաք կոմբայն, 11 միավոր ունիվերսալ կցասայլ, 2 միավոր սկավառակային փոցխ, 3 միավոր խոտհնձիչ, իսկ Հադրութի շրջանի Ուխտաձորի ենթաշրջանին գյուղատնտեսության զարգացման ծրագրով տրամադրվել է 8 միավոր գյուղտեխնիկա:
Արդյունքում, ըստ գյուղնախարարի, 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում առկա գյուղտեխնիկայի քանակը կազմել է 2046 միավոր, այդ թվում՝ 326 միավոր հացահատիկահավաք կոմբայն, 935 միավոր անիվավոր տրակտոր և 736 միավոր թրթուրավոր տրակտոր, 25 միավոր կցասայլ, 5 միավոր սիլոսահավաք կոմբայն, 18 միավոր խոտհնձիչ: Բացի այդ, առկա է նաև 1629 միավոր գյուղատնտեսական սարքավորում:Ասուլիսի Ավարտին Արամ Մխոյանը պատասխանեց առաջադրված հարցերին: