ՀԱԹԵՐՔՈՒՄ ՆՈՐԻՑ ԾԽԱԽՈՏ ԿՄՇԱԿՎԻ
27/11/2015
Նոյեմբերի 25-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը ԳՆ փոխնախարարներ Կարեն Աղաջանյանի և Գևորգ Վերանյանի ուղեկցությամբ այցելեց Մարտակերտի շրջանի Հաթերք համայնք, որտեղ տեղի ունեցավ հանդիպում գյուղի հասարակության հետ:
Արամ Մխոյանը հաթերքցիներին ներկայացրեց նախարարության նոր քաղաքականությունը, որի շրջանակներում, ի թիվս ավանդական չհամարվող այլ մշակաբույսերի, դիտարկվում է նաև ծխախոտի ներդրումը:
-Սա լուրջ և հեռանկարային տնտեսական գործունեություն է, որի համար այստեղ առկա են անհրաժեշտ բոլոր պայմանները, և նման՝ հողային ու ջրային ռեսուրսներ ունենալու դեպքում ճիշտ չէր լինի դրանք առավել արդյունավետ կերպով չօգտագործելը. կոնկրետ, այս ծրագրի իրականացման դեպքում հաթերքցին կունենա մշտական զբաղմունք և կայուն եկամուտ,-ասաց Արցախի գյուղատնտեսության նախարարը՝ հավելելով նաև, որ ծխախոտագործությունը գյուղոլորտի ամենաեկամտաբեր ճյուղերից է, որը կարող է գյուղին բերել տարեկան մինչև 100 միլիոն դրամ հավելյալ եկամուտ: Կլինի անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն, կտրամադրվեն սերմերն ու սածիլները, նաև՝ մոլախոտերի դեմ պայքարի և այլ անհրաժեշտ միջոցներ: Ոռոգման խնդիրն էլ կլուծվի աշխատանքները սկսելուն զուգընթաց, հավաստիացրեց գյուղատնտեսության փոխնախարար Գևորգ Վերանյանը: Եվ որպեսզի հողօգտագործողը ստացված բերքը վերամշակողին հասցնելու հոգսից ազատվի, նշեց նախարարը, տեղում կկազմակերպվի վերամշակող արտադրամասի հիմնումը, ինչի շուրջ արդեն կա կոնկրետ պայմանավորվածություն «Մասիս տոբակո» ընկերության հետ:
Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը նշեց, որ ծխախոտագործությունն այստեղ լավ ապագա կարող է ունենալ, առավել ևս, որ այս տարածաշրջանում կան դրա ավանդույթները: Նա գյուղի ղեկավարությանն ու համայնքի ակտիվին հանձնարարեց հարցը լրջորեն ուսումնասիրել և ներկայացնել կոնկրետ առաջարկություններ:
-Հողը պետք է մշակվի, առավել ևս այնքան թանկ գնով ազատագրված հողը, որի շենացումը լավագույն հարգանքի տուրքը կլիներ այն ազատագրած հերոսների հիշատակին,-ասաց նա:
Հանդիպման վերջում հնչած հարցերը վերաբերվում էին նոր տեխնոլոգիաների կիրառությանը, ոռոգման համակարգի արդիականացմանը, մասնավորապես, ոռոգման կաթիլային համակարգին, ծխախոտագործության համար չորանոցի կառուցման ժամկետներին, տրամադրվելիք կանխավճարի պայմաններին, ծխախոտի մշակման առանձնահատկություններին, գյուղում հակակարկտային կայանքի տեղադրման նպատակահարմարությանը, գյուղտեխնիկայի ձեռք բերման ընթացակարգին, սև ցելի ծրագրի շրջանակներում սերմացուի և պարարտանյութերի տրամադրման ժամկետներին և այլն: