Կանոնակարգում և կարգապահություն
07/03/2018
Այսօր կայացավ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի մամուլի ասուլիսը: Այն նվիրված էր 2017 թվականի ցուցանիշներին, ինչպես նաև՝ առաջիկայում իրականացվելիք աշխատանքներին:
Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշեց, որ 2017-ն Արցախի գյուղատնտեսության համար բարեհաջող էր՝ ներկայացնելով նաև գյուղոլորտի բոլոր ուղղությունների վերաբերյալ արձանագրված ցուցանիշները:
2017 թվականին Արցախի Հանրապետությունում գյուղատնտեսության համախառն արդյունքը կազմել է շուրջ 76. 2 միլիարդ դրամ, որից 38. 261 միլիարդը բաժին է ընկնում բուսաբուծության ոլորտին, 37.760.4 միլիարդը՝ անասնաբուծության ոլորտին և 10.8 միլիոնը՝ ձկնաբուծությանը: Աճը կազմել է 7.8 տոկոս: 2018 թվականի բերքի տակ իրականացվել է ավելի քան 75 հազ հա աշնանացան, ինչն աննախադեպ ցուցանիշ է Արցախի գյուղոլորտի վերջին քսան տարիների պատմության համար, նշեց Ժիրայր Միրզոյանը: Անասնաբուծության ոլորտի վերաբերյալ նշվեց, որ չնայած այն համգամանքին, որ ոլորտի զարգացման ուղղությամբ նախատեսված բոլոր ծրագրերն ու միջոցառումներն իրականացվել են հավուր պատշաճի և հաջողվել է պահպանել կայուն անասնահամաճարակային վիճակ, այնուամենայնիվ, ոլորտում դեռևս շատ են խնդիրները:
Հաշվետու տարում բավարար աշխատանք է կատարվել ոռոգման համակարգերի ներդրման և սպասարկման ուղղությամբ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ նախատեսվում է արդեն ընթացիկ գյուղատնտեսական տարում իրականացնել 37 խորքային հորերի հորատումը, ինչի շնորհիվ իրականություն կդառնա շուրջ 900 հա հողատարածքների ոռոգումը:
Նախարարը մանրամասն անդրադարձ կատարեց վերջերս ընդունված՝ ԱՀ-ում գյուղատնտեսության զարգացման հայեցակարգին՝ ընդգծելով ոլորտի զարգացման նոր ուղղությունները. բուսաբուծության զարգացման համալիր ծրագիր, անասնաբուծության ոլորտին ներկայացվող պարտադիր պահանջների մասին որոշման նախագիծ, արոտավայրերի կառավարման վերաբերյալ որոշման նախագիծ: Արցախի գյուղոլորտի ղեկավարը Հայեցակարգը համարեց գաղափարական ուղղությունների ամբողջություն և նշեց, որ այն հստակ նպատակ ունեցող ծրագիր է, որի վերջնանպատակը հանրապետությունում գյուղատնտեսության համակողմանի զարգացումն է:
-Անհրաժեշտ է փոխել գյուղատնտեսության և նրա զարգացման վերաբերյալ մեր պատկերացումները,-հավելել է Ժիրայր Միրզոյանը՝ նշելով վերջնանպատակին հասնելու անհրաժեշտ բաղադրիչները, առանձնացնելով, հատկապես, կանոնակարգումն ու կարգապահությունը, ինչն, ըստ նախարարի, կարևորագույն տարրն է հաջողության ճանապարհին: Այստեղ հարկ կլինի կանոնակարգել գյուղոլորտի բոլոր հարաբերություններն ամենատարբեր սուբյեկտների միջև: Ժ. Միրզոյանը հատկապես առանձնացրեց անասնաբուծության ոլորտի կարգավորման խնդիրը՝ նշելով, որ այն յուրաքանչյուր տարի պատճառ է հանդիսանում ոլորտի ՀՆԱ-ում մի քանի տասյակ միլիարդ դրամի կորստին, ընդ որում, նշեց նախարարը, այստեղ հատկապես նկատելի է տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների ակնհայտ թերացումը, մինչդեռ ոլորտի կարգավորման ուղղությամբ հատկապես հենց նրանց են վերապահված կարևորագույն լիազորություններն ու պատասխանատվությունը:
Գյուղոլորտի համակողմանի զարգացման ուղղությամբ կարևոր նշանակություն ունի ոլորտում ներգրավված մասնագետների կատարելագործումն ու մասնագիտական գիտելիքների բազայի համալրումը:
Այս ուղղությամբ նախարարությունը կկազմակերպի սեմինարներ և մեթոդական օգնություն ցուցաբերելուն ուղղված այլ միջոցառումներ:
-Խնդիր կա նաև համալրել գյուղոլորտին վերաբերող օրենսդրական դաշտը բոլոր հարթություններում,-նշեց Ժ. Միրզոյանը:
Ոլորտում ինտենսիվության բարձրացում, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման շարունակում և կատարելագործում, չորսդաշտյա ցանքաշրջանառության կիրառում: Պարարտանյութերն էլ կտրամադրվեն հողերի ագրոքիմիական ուսումնասիրության արդյունքում միայն: Կկանոնակարգվի նաև կաթիլային ոռոգման համակարգը, չի խրախուսվի ինքնագործունեությունն այս ուղղությամբ: Կաթիլային համակարգը կտեղադրվի միայն լիցենզավորված կազմակերպությունների կողմից:
Նախարարն անդրադարձավ նաև հանրապետությունում բուսաբուծության համալիր զարգացման ծրագրին, որը ներկայումս գտնվում է շրջանառության մեջ:
Ասուլիսի վերջում Ժ. Միրոզոյանը պատասխանեց առաջադրված շուրջ երեք տասյակ հարցերին: