Խորհրդակցություն ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում. Աշոտ Բախշիյանը հանդես է եկել կարևոր հայտարարություններով
26/08/2020
Օգոստոսի 26-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում, որի ժամանակ հանդես է եկել մի շարք կարևոր հայտարարություններով:
Ողջունելով ներկաներին, նախարարը խոսել է գյուղոլորտում տարվող քաղաքականության մեջ վերջերս կատարված համակարգային փոփոխությունների, մասնավորապես, աջակցության ծրագրերի և դրանց կիրարկման վերաբերյալ: Ա. Բախշիյանը հերթական անգամ կարևորել է գյուղատնտեսության նախարարության կողմից որդեգրած նոր՝ վերջնական արտադրանքի խրախուսման սկզբունքը, ինչը կոչված է լայն հնարավորություններ բացելու հողօգտագործողի առաջ: Այստեղ նախարարը շեշտել է գրագետ, գիտակրթական հիմքի վրա հենված գյուղատնտեսության վարման առաջնահերթությունը:
-
-
Ինչպես նախկինում հայտարարվել էր, պետությունը հետայսու չի ստանձնելու գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի ներկրման և հողօգտագործողներին տրամադրման պարտավորությունը, այլ փոխհատուցելու է վերջիններիս կողմից ձեռք բերված սերմացուի արժեքի 1 կգ-ի դիմաց 70 դրամը: Նույնը վերաբերում է նաև պարարտանյութերի ներկրմանը, ինչը նույնպես թողնվել է հողօգտագործողների հայեցողությանը, բայց ի տարբերություն սերմացուի, այստեղ աջակցության որևէ տարբերակ չի նախատեսվում, քանի որ նախապատվությունը տրվել է շուկայի ազատականացման սկզբունքին: Ըստ նախարարի, տվյալ մոտեցման շնորհիվ արդեն գրանցվում են դրական տեղաշարժեր՝ պարարտանյութերի արժեքի մոտավորապես 30%-ի անկման տեսքով: «Սա հետևանքն է մեր վարած քաղաքականության, քանի որ այնտեղ, որտեղ կա մրցակցություն, գնագոյացման մեխանիզմներն ավելի ճկուն են աշխատում»,- ասել է Աշոտ Բախշիյանը:
-
-
Գարնանացան մշակաբույսերի սերմացուները ևս այսուհետ ներ են կրվելու հողօգտագործողի կողմից՝ հիմնադրամի աջակցությամբ: Նախատեսվում է մասնակի սուբսիդավորել ձեռքբերված սերմացուի արժեքի 50 տոկոսը՝ եգիպտացորենի համար (բայց ոչ ավել քան 1500 դրամը) և մնացած մշակաբույսերի սերմացուի արժեքի 70 տոկոսը, բայց ոչ ավելի քան՝ հնդացորեն 350, արևածաղիկ 2500, կտավատ 450, հլածուկ 600, սոյա 400, սիսեռ 700, ոլոռ 250, ոսպ 500, սորգո 1000 դրամ: Նախատեսվում է նաև նշված մշակաբույսերի մթերված արտադրանքի մեկ կիլոգրամի դիմաց լրավճարի տրամադրում՝ եգիպտացորենի (հատիկ) համար 10, հնդկացորենի՝ 15, արևածաղկի՝ 40, կտավատի՝ 15, սոյայի՝ 50, հլածուկի՝ 50, սիսեռի՝ 30, ոսպի՝ 30, ոլոռի՝ 30, սորգոյի՝ 10 դրամ:
Կարևոր է նաև, որ սեպտեմբերի 1-ից գյուղատնտեսության ոլորտում գործող աջակցության ծրագրերի (աշնանացան, գարնանացան մշակաբույսերի մշակություն, այգեգործություն, անասնաֆերմաների, անասնաբուծական հումքի վերամշակման գործարանների, սպանդանոցների կառուցում և այլն) իրականացման համար ձևակերպվող վարկերի տոկոսները 100 տոկոսով կսուբսիդավորվեն պետության կողմից:
Հաշվի առնելով այս տարվա խաղողի բերքի առատությունը, նախարարն առաջարկել է խաղողի վերամշակմամբ զբաղվող ընկերություններին օգտվել այս հնարավորությունից. անտոկոս վարկ ձևակերպել՝ բերքի մթերում իրականացնելու նպատակով:
Խոսվել է նաև Հիմնադրամի կողմից եգիպտացորենի բերքի մթերման գործընթացի մեկնարկի մասին. կիլոգրամը 125 դրամով՝ Հիմնադրամի նկատմամբ պարտավորություններ չունեցող հողօգտագործողներից և 130 դրամով՝ պարտավորություն ունեցող հողօգտագործողներից: Նշենք, որ սահմանված մթերման գները նախորդ տարվա համեմատ 10-ական դրամով բարձր են:
Հանրապետության Նախագահի հանձնարարականով, հողօգտագործողների համար հիմնադրամի կողմից մշակվել է գործող փոխառությունների վերակառուցման կարգ:
Նախարարը հայտարարել է նաև «Ջրային տնտեսություն» ՓԲԸ-ի հետ նախապես կնքված պայմանագիր ունեցող, բայց անբարենպաստ եղանակային պայմանների արդյունքում համապատասխան ծառայություններ չստացած հողօգտագործողներին՝ կրած վնասների դիմաց փոխհատուցման տրամադրման, ինչպես նաև այս տարի բոլոր հողօգտագործողներին հողի հարկից և վարձավճարից ազատելու մասին: Առաջին որոշման շրջանակում նախատեսվում է փոխհատուցել եգիպտացորենի 1 հեկտարի դիմաց 170 000 դրամ և արևածաղկի 1 հեկտարի դիմաց 125 000 դրամ:
Վերջին 2 տարիներին գյուղատնտեսության համախառն արդյունքի անկում է դիտվել՝ մոտավորապես 6 մլրդ դրամի չափով: Գյուղատնտեսության նախարարության կողմից մշակված և գործարկվող բոլոր այս ծրագրերն ու միջոցառումները, ըստ Աշոտ Բախշիյանի, միտված են գյուղատնտեսական համախառն արտադրանքի բարձրացմանն ու որպես արդյունք պարենային անվտանգության ապահովմանը:
Այնուհետև նախարարը խոսքը փոխանցել է Հիմնադրամի տնօրեն Հրանտ Սաֆարյանին, ով հակիրճ ներկայացրել է կառույցի կողմից իրակացվող աջակցության ծրագրերում վերջին փոփոխություններն ու նորամուծությունները:
Խորհրդակցության վերջում մասնակիցները հանդես են եկել առաջարկություններով ու հարցադրոմներով, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ: