Խորհրդակցություն՝ նվիրված երկարատև երաշտի հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակին
13/01/2020
Հունվարի 13-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված բուսաբուծության ոլորտի խնդիրներին:
Բացման խոսքում նախարարը նշել է, որ տեղումների սակավության հետևանքով հանրապետության ցանքատարածություններում արձանագրվել են աննախադեպ չորային պայմաններ, ինչի հետևանքով աշնանացանի զգալի տարածքներում առաջ է եկել մեծամասշտաբ կորուստների իրական վտանգ: Ժիրայր Միրզոյանը նշել է նաև, որ գետերում, ջրանցքներում և ջրամբարներում չափազանց քիչ են ջրային ռեսուրսները:
Նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանը ներկայացրել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ փաստական տեղեկատվություն, ինչից հետո նախարարը լսել է նաև խորհրդակցության աշխատանքներին մասնակցող՝ հանրապետության շրջանների վարչակազմերի գյուղբաժինների ղեկավարներին: Ելույթներով հանդես են եկել նաև կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Գուլյանը, «Սերմնաբուծության, սելեկցիոն նվաճումների փորձարկման, պահպանության և սերմերի որակի ստուգման կենտրոնի» տնօրեն Կարեն Ադամյանը, ՇՏՀ Ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, պրոռեկտոր Սարիբեկ Գալստյանը, ԳՆ «Բույսերի պաշտպանության ծառայության» տնօրեն Վալերի Խաչատրյանը, ԱՀ ԳԳԱՀ տնօրեն Տիգրան Ծատրյանը:
Ժիրայր Միրզոյանի ցուցումով մեկ շաբաթվա ընթացքում տեղերում կիրականացվի ցանքատարածությունների դիտարկում և վիճակի գնահատում, ինչից հետո կկայացվի որոշում վնասված տարածքների հետագա օգտագործման և գարնանացանի պլանավորման ուղղությամբ: