ԼՂՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՑՅԱԼ ԵՐԵՔՇԱԲԹԻ ՄԵԿՆԱՐԿԱԾ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
08/11/2016
Այսօր պարապմունքները սկսվեցին ոռոգման համակարգի արդիականացման մասին թեմայով, որը ներկայացրեց ԼՂՀ գյուղատնտեսության փոխնախարար, տեխնիկական գիտությունների թեկնածու Գևորգ Վերանյանը:
Դասընթացի երկրորդ մասը «Գարնանացան հացաբույսերի և տեխնիկական մշակաբույսերի հիմնական վնասատուների կազմը և պայքարի միջոցառումների մշակումը ԼՂՀ-ի պայմաններում» թեմային էր նվիրված, որի շրջանակներում գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Գևորգ Մելիքյանը լսարանի ուշադրությանը ներկայացրեց
ԼՂՀ-ում տարածված վնասատուների տեսակային կազմի, դրանց կողմից հասցվող վնասների, ինչպես նաև դրանց դեմ քիմիական միջոցներով համալիր պայքար իրականացնելու վերաբերյալ մանրակրկիտ տեղեկատվություն:
Սեմինարի մասնակիցներին այսօր հյուրընկալվել է նաև ՀՀ նախկին վարչապետ, տնտեսական գիտությունների դոկտոր, ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով ներկաներին ծանոթացրել է աշխարհի տարբեր երկրներում գյուղատնտեսության մեջ կիրառվող կառավարման ձևերին, աջակցության մեխանիզմներին և դրանց իրականացման սկզբունքներին: