ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՏՑՐԵՑ «ԱՐՑԱԽ ԿԱԹ»-Ի ԹԹՎԱՍԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑՈՒՄ
24/09/2015
Սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ ԼՂՀ ԳՆ «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» պետ Լևոն Սարգսյանի մամուլի ասուլիսը: Օրակարգում սեպտեմբերի 21-ին ծառայության պետի կողմից «Արցախկաթ» ընկերության կողմից արտադրվող թթվասերի վրա դրված արգելանքի որոշման պարզաբանումն էր և դրա հետ կապված՝ հասարակության կողմից թյուրըմբռնումը բացառելը: Ըստ նրա՝ համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի լաբորատորիան և «Արցախկաթը» պայմանագրային հիմունքներով իրականացնում են նմուշառում և փորձաքննություն՝ յուրաքանչյուր երեք կամ հինգ օրը մեկ՝ կախված արտադրատեսակի ռիսկայնությունից. մինչև սեպտեմբերի 18-ը կաթնամթերքի բոլոր փորձաքննությունները եղել են դրական՝ համապատասխանել են սահմանված նորմերին: Կաթնամթերք արտադրող «Արցախկաթ» ընկերությունից նմուշառում է իրականացվել նաև ամսի 21-ին, ուղարկվել ստուգման համար Սննդամթերքի հետազոտությունների լաբորատորիա և ուսումնասիրության արդյունքում 21-ի արտադրանքն ինչպես թթվասերի, այնպես էլ մյուս բոլոր տեսակների մասով համապատասխանել են սահմանված նորմերին: Իսկ ամսի 18-ի փորձանմուշի մասով Ծառայությունը ստացել է ԼՂՀ առողջապահության նախարարության փորձագիտական եզրակացությունը, ինչի հիման վրա էլ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում Ծառայությունը պարտավոր էր իրականացնել համապատասխան որոշումների հաջորդականությամբ պայմանավորված արգելանքը:
Լևոն Սարգսյանն իրազեկեց, որ համապատասխան որոշմամբ արդեն այսօր արգելանքը կհանվի՝ հենվելով փորձագիտական եզրակացության վրա (ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից ամսի 18-ից հետո արտադրված թթվասերը համապատասխանում է ընդունված չափանիշներին ) Իսկ մինչ այդ Ծառայության պետի կարգադրությամբ շուկայից հետ է կանչվել հիշյալ սննդատեսակի խմբաքանակը և ոչնչացվել:
Բանախոսը նշեց, որ սպառողները հանգիստ կարող են օգտագործել տեղական արտադրության թթվասերը:
-Մենք այսուհետ ևս շարունակելու ենք պահպանել թափանցիկության սկզբունքը և կիրառել մեր ծառայությանը վերապահված լիազորությունները,-նշեց Լևոն Սարգսյանը: