|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՄ ՄԽՈՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ
29/12/2015 Ավարտին է մոտենում 2015 թվականը: Ժողովրդական տնտեսության կարևորագույն ճյուղ հանդիսացող մեր ոլորտի համար այն նշանավորվեց ամենից առաջ զարգացման նոր ուղենիշների ընտրությամբ: Ժամանակակից աշխարհում գյուղատնտեսության զարգացման ավելի ինտենսիվ տեմպերը նոր մարտահրավերներ են առաջադրում մեզ: Եվ ավելի մրցունակ լինելու համար մենք ուղղակի պարտադրված ենք համահունչ քայլել գյուղոլորտի զարգացման արդի փորձին ու մոտեցումներին: Գալիք տարին մեր կողմից հայտարարվել է որպես ոռոգման համակարգերի արդիականացման, ջրախնայողական տեխնոլոգիաների ներդրման, նոր և ոչ ավանդական այգիների հիմնման ժամանակաշրջան, ինչի մեկնարկն արդեն տրվել է մեր կողմից: 2016-ը նաև նոր տեխնոլոգիաների և առկա ռեսուրսների խելամիտ օգտագործման տարի է լինելու մեզ համար: Սա նախատեսվածի մի մասն է ընդամենը, որ մենք միասին կյանքի կկոչենք: Ժամանակի ընթացքում անպայման կիրականացվեն նաև այլ կարևորագույն ծրագրեր ևս: Այդ ամենը մեզ թույլ կտա Արցախի գյուղատնտեսությունը բարձրացնել որակական ավելի բարձր հարթություն, ինչի արդյունքում մեր պետությունը գյուղմթերքների արտադրությամբ կդառնա մեծապես ինքնաբավ, ավելին, մենք կկարողանանք նաև մեր մրցունակ ապրանքն արտահանել: Իսկ այս ամենին հասնելու համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրս իր պարտականությունները դիտարկի նույնքան կարևոր, որքան սահմանը պաշտպանող զինվորի առաքելությունն է: Մենք պարտավոր ենք լինել ավելի պատասխանատու, ավելի կարգապահ ու ավելի սրտացավ: 2016-ը դիմավորում ենք վերջին տարիների համար աննախադեպ՝ աշնանացանը ժամանակին կատարելու առումով: Այս և մեր կողմից իրականացված բազմաթիվ այլ նախաձեռնություններ լավ նախադրյալ են հաջողությամբ առաջ տանելու մեզ վստահված ոլորտի համակողմանի զարգացումը: Հուսով եմ, որ յուրաքանչյուրդ լի է վճռականությամբ` բազմապատկելու մինչ այս գրանցած մեր հաջողությունները, քանզի բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ հատկապես հենց մեզնից է կախված մեր ոլորտի կայուն զարգացումը: Նաև մեր աշխատանքի արդյունավետությունից է կախված մեր քաղաքացիներին որակյալ, անվտանգ ու մատչելի սննդամթերքով ապահովելու խնդիր լուծումը: Ուրեմն, մենք պարտավոր ենք արդարացնել այն մեծ վստահությունը, որ վերապահված է մեզ: Պատմության գիրկն է անցնում խաղաղության, ստեղծագործ աշխատանքի և արարման էլի մեկ տարի: Այն մեր ժողովրդի համար նշանավորվեց բազում հաջողություններով ու ձեռքբերումներով: Ավաղ, նաև կորուստներ ունեցանք: Սակայն մեր ստեղծագործ ժողովրդի արարող ոգին միշտ էլ գտել է լուսավոր ապագայի ուղին: Այդպես կլինի և հետայսու, և հզոր ու ինքնաբավ պետության տեսլականն անպայման իրողության կվերածվի: Սիրելի գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ նոր` 2016 թվականի կապակցությամբ: Մաղթում եմ բոլորիդ խաղաղ երկինք, արցախցու քաջառողջություն, արևշատություն, երջանկություն, բարեկեցություն և արդյունավետ աշխատանք` ի բարօրություն մեր սիրելի հայրենիքի և նրա վաստակած ժողովրդի: |