ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՄ ՄԽՈՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇՈՒՇԻԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԲԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 02.09.2015թ.
03/09/2015
Հարգելի պրոֆեսորադասախոսական կազմ և ուսանողներ:
Հիրավի, այսօր պատմական օր է Արցախի կրթական համակարգի պատմության և կրթական ու գիտական հարուստ ավանդույթներ ունեցող Շուշիի տարեգրության մեջ:
1930 թվականին հիմնադրված հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտների բազայի վրա 1994-ին հիմնադրված Հայաստանի ազգային ագրարային համալսարանն այսօր իր արցախյան մասնաճյուղի դռներն է բացում այս պատմական քաղաքում:
Հայտնի իրողություն է, որ ԲՈՒՀ-ը նշանակալի ավանդ է ունեցել Խորհրդային Հայաստանի և նորաստեղծ հայոց պետականության տնտեսական հիմքերի ամրապնդման գործում: Հետպատերազմյան մեր տնտեսությունը կանգնած էր դաժան մարտահրավերների առջև: Տասնամյակներ շարունակ ձևավորված տնտեսական կապերն ու երաշխիքներն օբյեկտիվ պատճառներով կորսված էին: Այդքանից բացի նաև, մենք կանգնեցինք այլընտրանք չունեցող նոր տնտեսական հարաբերությունների առջև: Ու մեր կրթական համակարգում ագրարային համալսարանը հանդիսացավ այն օղակը, որը մեր գյուղատնտեսության համար անցած երկու տասնամյակներում թողարկեց բազմաթիվ մասնագետներ, ովքեր հաջողությամբ ներգրավվեցին ժողովրդական տնտեսության մեջ՝ փոխարինելով ավագ սերնդի ներկայացուցիչներին: Իսկ գյուղատնտեսության դերը Հայաստանի ու Արցախի տնտեսությունների համար չափազանց կարևոր է: Ավելին, մենք այլ ելք չունենք, եթե ոչ զարգացած գյուղատնտեսություն ունենալը: ՈՒ մեր տնտեսությունների առջև ծառացած խնդիրների մի զգալի մասի լուծման գրավականը հենց գյուղոլորտի համակողմանի զարգացումն է: Եվ այս համատեքստում անչափ կարևորվում է գյուղատնտեսական որակյալ կրթության դերը: Այս առումով՝ մայր ԲՈՒՀ-ի ավանդույթներն ավելի քան հարուստ են և միանգամայն բավարար՝ լավ կադրեր պատրաստելու համար: Հենց այս հարցերի լուծման համար են Հայաստանի և Արցախի իշխանությունները հոգատարությամբ և հետևողականորեն ձեզ համար ստեղծել գրեթե կատարյալ պայմաններ: Շուշիի մասնաճյուղը կոչված է այսուհետ տարեցտարի համալրել գյուղատնտեսության բարձրակարգ մասնագետների բանակը: Եվ հեռու չէ այն օրը, երբ մենք բոլոր մասնագիտությունների գծով կունենանք բավար քանակի մասնագետներ, որոնց նպատակասլաց ու նվիրյալ աշխատանքի շնորհիվ գյուղատնտեսության տեսակարար կշիռը մեր տնտեսության մեջ կբազմապատկվի:
Սիրելի դասախոսներ և ուսանողներ, այս չքնաղ և լուսավոր օրը մենք ականատեսն ենք դառնում մեր բազմաթիվ ու բազմապիսի ձեռքբերումներից ևս մեկին: Ձեռքբերումներ, որոնք արդեն օրինաչափություն են դարձել և կոչված են ամրապնդելու մեր պետականությունը, հզորացնելու մեր երկիրը: Ձեր առջև ծառացել է հայոց պատմամշակութային ու կրթական մեծ ավանդույթեր ունեցող հերոսական Շուշիում կերտելու մեր հարուստ պատմության հերթական փառավոր էջը: Հետևաբար, դիտարկեք այս իրողությունը որպես մեր երկրի շենացման գործում մի ծանրակշիռ քայլ անելու հիանալի հնարավորություն:
Հիշեք՝ իրենց սուրբ արյունով հայրենիքն ազատագրած մեր հերոսների անմահ գործի լավագույն շարունակությունը հայրենի եզերքի շենացման ու բարգավաճման շնորհակալ գործին սեփական ավանդը բերելն է: Դա կլիներ լավագույն հարգանքի տուրքը նրանց անմար հիշատակին, նրանց արժանին հատուցելու լավագույն հնարավորությունը: Եվ այդ հնարավորությունը տրված է ձեզ:
Բարի երթ ձեզ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի՝ արդեն Շուշիի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմ և ուսանողներ:
Թող ձեր ուղեկիցը դառնան հաջողությունն ու առաջադիմությունը, մասնագիտական գիտելիքների անսպառ յուրացումն ու արտադրության մեջ դրանք հաջողությամբ կիրառելը: