Իրականացվում է գարնան գյուղատնտեսական աշխատանքների համալիր դիտարկում
17/04/2019
Այս օրերին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից իրականացվում են գարնան գյուղատնտեսական աշխատանքների համալիր դիտարկումներ:
Ապրիլի 16-ին այս նպատակով նախարար Ժիրայր Միրզոյանը, ուղեկցությամբ նախարարի տեղակալ Համլետ Ապրեսյանի, ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Տիգրան Ծատրյանի, ԳՆ աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության պետ Անանիա Սողոմոնյանի և նախարարի օգնական Արման Ղարամյանի, գարնան գյուղատնտեսական աշխատանքների դիտարկման նպատակով եղավ Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում: Նախարարի գլխավորած աշխատանքային խումբը նախ եղավ Ասկերանի շրջանում, որտեղ հիմնվում են տարբեր պտղատեսակներով նոր այգիներ: Հաջորդ կանգառը Մարտունու շրջանի Բերդաշենի ենթաշրջանում էր, դիտարկման առարկան դարձյալ պտղատու այգիներն էին. այստեղ ավելի քան երկու հարյուր հեկտարի վրա սփռված են տարբեր պտղատեսակներ ներկայացնող ծառերը. տարածաշրջանի համար ավանդական նռան, տանձի, խնձորի, կեռասի, սերկևելի ու սալորի հետ մեկտեղ, հաջողությամբ աճեցվում են նաև նուշ, ունաբ և պիստակ:
Այնուհետև կատարվող աշխատանքների դիտարկում եղավ Ակնա թաղամասում, որտեղ իրականացվում էր եգիպտացորենի ցանքս և Մարտակերտի՝ Տիգրանակերտին հարող տարածքում. այստեղ էլ իրականացվում է ձմերուկի սածիլների տնկում:
Մարտակերտի շրջանի վարչակազմում շրջանի ղեկավար Էդգար Հարությունյանի հետ հարցերի լայն շրջանակ քննարկելուց հետո, գյուղնախարարության պատվիրակությունը դիտարկեց Հաթերքի, Զագլիկի և Ակնաբերդի տարածքներում իրականացվող՝ ոռոգման համակարգի ընդլայնման նպատակով խողովակաշարի անցկացման աշխատանքները: