Իրականացվել են սորտափորձարկումներ
11/06/2020
Հունիսի 6-ին ԱՀ ԳՆ բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Արամ Բադալյանն ու ԳՆ «Սերմնաբուծության, սելեկցիոն նվաճումների փորձարկման, պահպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն»-ի գլխավոր սերմնաբույծ Նազիկ Մելքումյանն այցելել են Աստղաշեն համայնքի պետական փորձարկման տեղամաս, որտեղ իրականացվում են գյուղատնտեսական մշակաբույսերի՝ աշնանացան ցորենի 22, աշնանացան գարու 6 և աշնանացան տրիտիկալեի 8 սորտերի տնտեսական օգտակարության պետական փորձարկումներ, որոնց նպատակն է գյուղատնտեսական արտադրությանն առաջարկել նոր ստացված և բարձր բերքատու սորտեր:
Հատկապես, անջրդի երկրագործության պայմաններում սորտափորձարկումն առավել կարևորվում է. այն օգնում է ճիշտ հայտնաբերել տեղի հողային ու փոփոխվող կլիմայական պայմաններին ավելի լավ հարմարվող և կայուն, բարձր բերք ապահովող սորտը:
Արտադրական լայն մշակության մեջ կարող է ընդգրկվել միայն անհրաժեշտ սորտափորձարկումով անցած և բազմակողմանի գնահատված ու ընտրված սորտը:
Ընկերության կողմից առայսօր իրականացվել է 10 գյուղատնտեսական մշակաբույսերի 140 սորտի և հիբրիդի սորտափորձարկում, որից 85 սորտ և հիբրիդ ստացել են օգտագործման թույլտվություն Արցախի Հանրապետության միջին լեռնային և հարթավայրային գոտում՝ այդ թվում գարնանացան 46 սորտ և հիբրիդ (եգիպտացորեն, արևածաղիկ, սոյա, շաքարի ճակնդեղ, կարտոֆիլ, լոլիկ):
Դրան զուգահեռ, կենտրոնն իրականացնում է աշնանացան ցորենի առաջնային սերմնաբուծություն և հավաստագրված սերմերի արտադրություն:
Ընկերության կողմից յուրաքանչյուր տարի թողարկվում են 500-600 տոննա աշնանացան ցորենի բարձր վերարտադրության սերմեր: