Ժիրայր Միրզոյանն ընդունել է ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պատվիրակությանը
24/07/2018
ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը հուլիսի 23-ին ընդունել է ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պատվիրակությանը` տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախարարը խոսել է վերջերս ընդունված գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի, մասնավորապես, դրանում սննդամթերքի անվտանգության ապահովմանը հատկացված կետերի մասին:
«Սննդամթերքի անվտանգության ապահովումը գերակա խնդիր է՝ կապված, առաջին հերթին, բնակչության առողջության պահպանման անհրաժեշտության հետ: Այս առումով, մենք լուրջ քայլեր ունենք կատարելու, բայց բնակչությունն էլ իր հերթին պետք է խստապահանջ լինի և գիտակցի խնդրի լրջությունը»,- նշել Ժ. Միրզոյանը:
Նրա խոսքով՝ կադրերի սուղ լինելը, ինչպես նաև լաբորատորիաների ոչ բավարար հագեցվածության խնդիրը լուրջ խոչընդոտ են հանդիսանում ծառայության գործունեությունն ամբողջապես իրականացնելու համար: Նախարարը նաև ներկայացրել է ամիսներ առաջ նախարարության կողմից հանրապետության շրջաններում կազմակերպված իրազեկումների ու դիտարկումների ամփոփ արդյունքները:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գեորգի Ավետիսյանը կարևորել է միջգերատեսչական համագործակցության խորացումը` առկա ներուժն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցել, որպեսզի արցախցի գործընկերները նույնպես վերապատրաստվեն ՀՀ-ում և արտասահմանում:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև կենդանիների շարժի, հաշվառման կարևորության, սպանդանոցների՝ պետական մակարդակով վերահսկողության ուժեղացման, գայլերի ու թափառող շների՝ գյուղատնտեսական կենդանիների ու մարդկանց վրա հարձակումների թիվը կրճատելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Հանդիպմանը մասնակցել են ԱՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Արթուր Ներսիսյանը, ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Տիգրան Առստամյանը, Համլետ Ապրեսյանը, պաշտոնատար այլ անձինք: