ԴԻՏԱՐԿՈՒՄ ԵՎ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ
25/02/2016
Փետրվարի 25-ին ԼՂՀ ԳՆ աշխատակազմի ջրային համակարգերի օգտագործման և պահպանության պետական տեսչության աշխատակիցները տեսչական ստուգումներ և դիտարկումներ իրականացրին հանրապետության ջրային համակարգի մի շարք տեղամասերում: Մասնավորապես, իրականացվեց դիտարկում Ասկերանի շրջանում, որտեղ ընթանում են «Սովետարխ»-ի ջրանցքների վերականգնողական աշխատանքները:
Ինչպես նշեց տեսչության պետ Արմեն Ներսիսյանը, արդեն վաղվանից շրջակայքի հողօգտագործողներից նրանց, ովքեր նախորդ տարիներից կուտակված պարտքեր չունեն, սահմանված կարգով նախապես ներկայացրել են հայտեր և կնքել պայմանագրեր, ջուր կմատակարարվի:
Այնուհետև տեսչական ստուգումներ իրականացվեցին Մարտակերտի շրջանում՝ Խաչենի ջրամբարում, Խաչեն-Մարտակերտ խողովակաշարի ակունքում և Խաչենի աջակողմյա և ձախակողմյա ջրանցքներում, որտեղ ընթանում են մաքրման աշխատանքներ: