ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՄ ՄԽՈՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԱՍՆԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺՆԵՐԻ ՀԵՏ
14/03/2017
Մարտի 14-ին Արցախի գյուղատնտեսության նախարարության նիստերի դահլիճում կայացել է հանդիպում հանրապետության անասնապահների և անասնաբույժների հետ, որի ընթացքում նախարար Արամ Մխոյանը խոսել է ժամանակակից ստանդարտներին համապատասխան անասնապահության անցնելու, գյուղատնտեսական կենդանիներին պատվաստելու և պահանջվող հակահամաճարակաբանական միջոցառումները ժամանակին անցկացնելու կարևորության մասին: Նախարարը հիշեցրել է, որ անասնապահները պարտավոր են հետևել կենդանիների պահվածքի, կերակրման և խնամքի բոլոր կանոններին, քանի որ բացի սեփական եկամուտի միջոց լինելուց, իրենց կենդանու միսը հանդիսանում է նաև մեր բնակչության սննդակարգի կաևորագույն տարրերից մեկը, ուստի՝ մենք գործ ունենք սննդամթերքի անվտանգության ապահովման խնդրի հետ:
Նախարարը կոչ է արել ներկաներին ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել անասուններին մասնագիտական օգնություն ցուցաբերելու հարցին՝ սերտ պահելով անասնաբույժ-անասնապահ կապը, համագործակցելով շրջվարչակազմի գյուղբաժնի պատասխանատուների, շրջանային անասնաբուժական սպասարկման կայանի, «Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորոտորիա» ՊՈԱԿ-ի հետ՝ ավելի արդյունավետ դարձնելով վերոնշյալ օղակների աշխատանքը:
Նախարարի կողմից հրավիրված փորձառու անասնաբույժ, համաճարակաբան Տիգրան Հակոբյանն իր խոսքում նշել է արցախյան անասնապահներին ցուցաբերվող բացառիկ աջակցության կարևորությունը (գյուղատնտեսական կենդանիների պատվաստանյութերի ներկրումը և դրանց ներարկումը մեր երկրում իրականացվում է բացարձակ անվճար՝ պետական միջոցների հաշվին), ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել մասնագիտական օժանդակություն ցուցաբերել և իր հարուստ փորձով կիսվել թե΄ անասնաբույժների, թե΄ ֆերմերների հետ:
Հանդիպման վերջում ներկաներն իրենց հուզող հարցերով դիմել են նախարարին և ստացել սպառիչ պատասխաններ: