Գյուղատնտեսության նախարարությունում մեկնարկել են դասընթացները
15/09/2020
Սեպտեմբերի 15-ին ԱՀ գյուղատնտեսության նախարարությունում մեկնարկել են ուսուցողական դասընթացներ՝ կոչված կատարելագործելու ոլորտում տնտեսավարողների գիտելիքներն ու ունակությունները ձեռներեցության, մարքեթինգի և ֆինանսների կառավարման բնագավառներում: Դասընթացի կազմակերպումը նպատակ ունի նաև արցախյան ագրոբիզնես-հասարակությանը ներկայացնելու Գյուղատնտեսության նախարարության կողմից առաջարկվող աջակցության նոր ծրագրերից՝ հնարավորինս արդյունավետ օգտվելու հմտությունները:
Դասընթացի մեկնարկը տրվել է գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի բացման խոսքով, ով ընդգծել է արդի աշխարհի առաջադրած չափորոշիչներին համահունչ, գիտական հենք ունեցող գյուղատնտեսության վարման կարևորությունն ու անհրաժեշտությունը: «Առաջիկայում մենք նախատեսում ենք դասընթացների կազմակերպում ամենատարբեր թեմաներով՝ հայաստանյան հմուտ ու փորձառու մասնագետների ներգրավվմամբ և նպատակադրել ենք այդպիսով համալրել գյուղատնտեսությամբ իրապես հետաքրքրված, որակյալ տնտեսավարողների շարքերը»,- մասնավորապես ընդգծել է Աշոտ Բախշիյանը:
Դասընթացը կտևի 2 օր: Այն կազմակերպվել է շնորհանդեսի ձևաչափով՝ տեղեկությունը հնարավորինս արագ ու մատչելի կերպով լսարանին մատուցելու նպատակով:
Վարել է դասընթացը տնտեսագետ, բիզնեսի կառավարման մագիստրոս Արմեն Սարդարյանը: