«Գյուղատնտեսությանը գիտելիքահեն մոտեցում է անհրաժեշտ ցուցաբերել». Ժիրայր Միրզոյան
27/06/2018
Հունիսի 27-ին Ժիրայր Միրզոյանն ընդունել է Գյուղատնտեսության նախարարությունում ուսումնական պրակտիկա անցնող՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Ագրոպարենային համակարգի ֆինանսների կառավարում» բաժնի 4-րդ կուրսի ուսանողներին:
Նախարարը, նախ, ողջունել է ուսանողներին, հետաքրքրվել՝ ինչքանով են նրանք իրազեկ երկրի գյուղատնտեսության ոլորտի մասին, այնուհետև ներկաների ուշադրությունը հրավիրել է առաջիկա 10 տարիների համար ընդունված Գյուղատնտեսության զարգացման հայեցակարգին, ներկայացրել ռազմավարական նշանակություն ունեցող փաստաթղթի գլխավոր նպատակը, խնդիրները, ուղղությունները, ինչպես նաև ակնկալվող արդյունքները:
Խոսելով Արցախում օրգանական գյուղատնտեսության զարգացման հեռանկարների մասին՝ Ժ. Միրզոյանը նշել է, որ Արցախում իրականում գոյություն ունի մաքուր գյուղատնտեսական արտադրանք, բայց երկրի չճանաչված լինելը խոչընդոտ է հանդիսանում սերտիֆիկացման համար:
«Գյուղատնտեսությանը գիտելիքահեն մոտեցում է անհրաժեշտ ցուցաբերել: Մենք մեր գործունեությունը պետք է կազմակերպենք տարածքային ու գոտիական առանձնահատություններին համապատասխան: Ուստի, անհրաժեշտ ենք համարում գիտական հետազոտությունների իրականացումն Արցախի տարբեր շրջաններում»,- հավելել է նախարարը:
«Դուք մեր երկրի զարգացման գործում մեծ առաքելություն ունեք իրականացնելու, դուք եք մեր երկրի ներկան ու ապագան»,- նշել է Ժ. Միրզոյանը՝ հորդորելով լինել ավելի նախաձեռնող ու աշխատասեր:
Ուսանողները շնորհակալություն են հայտնել նախարարին բովանդակալից հանդիպման համար՝ հույս հայտնելով, որ ապագայում ևս համագործակցության առիթներ կլինեն: