|
Գյուղատնտեսան տեխնիկայի պետական տեսչությունը առանձնացվել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմից և գործում է «ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտե» պետական կառավարչական հիմնարկի կազմում
24/06/2022 ![]() «ԱՀ գյուղատնտեսության նախարարության կազմում գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը վերջին քննությունն է անցկացրել՝ 3-ամյա մասնագիտական կրթության՝ տեսական և գործնական գիտելիքների բազայի ստուգման հիման վրա. արդյունքում մասնակիցներին տրվել է երկրորդ և երրորդ կարգի որակավորում: Այնուհետև Ստեփանակերտում կայացել է «Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր» հիմնադրամի արհեստագործական ուսումնարանն ավարտած տրակտորիստ-մեքենավարների քննությունը՝ տեսական և գործնական փուլերով, որին մասնակցել են 21 դիմորդներ և ստացել առաջին կարգի որակավորում»,- նշել է գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության պետ Անանիա Սողոմոնյանը:
Ըստ վերջինիս, ավարտական վկայական ստանալ ցանկացողները կարող են դիմել արհեստագործական ուսումնարան՝ դասընթացներին մասնակցելու համար:
Իսկ արդեն ավարտական վկայական ունեցողները հետայսու պետք է դիմեն «Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի գյուղատնտեսական տեխնիկայի տեսչություն՝ տրակտորիստ-մեքենավարների քննության տեսական և գործնական փուլերին մասնակցելու և համապատասխան կարգի վարման իրավունքի վկայական ձեռք բերելու նպատակով:
Ա. Սողոմոնյանի խոսքով, միայն տրակտորիստ-մեքենավարի ավարտական վկայական ունենալը (ուսումնարանում երեքամյա ուսուցումը) գյուղատնտեսական տեխնիկա վարելու իրավունք չի տալիս. այդ իրավունքը ձեռք է բերվում գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կողմից տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայական ստանալուց հետո:
|