Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործումն արգելվում է առանց համապատասխան կարգի վարման իրավունքի վկայականի
07/05/2018
Մայիսի 5-ին ԱՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը հանձնաժողովի կազմով անց է կացրել տեսական և գործնական քննություն՝ տրակտորիստ-մեքենավարի գիտելիքների ստուգման և վարման իրավունքի վկայականի տրամադրման համար: Գործնական քննությունն անց է կացվել Ասկերանի շրջանում՝ «Հունդայի» մակնիշի էքսկավատորով:
Տրակտորիստ-մեքենավարները պետք է ունենան գյուղատնտեսական տեխնիկան վարելու իրավունքի համապատասխան կարգեր։ Տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի կարգերն ըստ գյուղատնտեսական տեխնիկայի խմբերի դասակարգվում են՝
-երրորդ կարգի տրակտորիստ-մեքենավար, որն իրավունք ունի վարելու «A» և «C» խմբերին դասվող տրակտորները.
-երկրորդ կարգի տրակտորիստ-մեքենավար, որն իրավունք ունի վարելու «A», «B», «C» և «D» խմբերին դասվող տրակտորները և գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաները.
-առաջին կարգի տրակտորիստ-մեքենավար, որն իրավունք ունի վարելու բոլոր խմբերին պատկանող տրակտորները, ինքնագնացները, մելիորատիվ մեքենաները։
Տրակտորիստ-մեքենավարն իրավունք ունի վարելու այն խմբերի տրակտորներն ու ինքնագնաց մեքենաները, որոնց դիմաց վարման վկայականում կա «թույլտվություն» նշանը։
Տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայականը տրվում է գյուղատնտեսական մեքենաների շահագործման, ճանապարհային երթևեկության կանոնների իմացության և գործնական վարման հմտությունները որակավորման հանձնաժողովի կողմից ստուգելուց հետո: Տրակտորիստ-մեքենավարների գիտելիքների ստուգման կարգը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը։
Տրակտորիստ-մեքենավարն իրավունք ունի վարելու միայն վարման իրավունքի վկայականում նշված խմբի գյուղատնտեսական տեխնիկա։
Տրակտորիստ-մեքենավարի դասընթացներն ավարտելու մասին տրված ավարտական փաստաթուղթն իրավունք չի տալիս վարելու գյուղատնտեսական տեխնիկա։ Որակավորման քննությունների հանձնման դրական արդյունքների հիման վրա քաղաքացուն տրվում է տրակտորիստ-մեքենավարի համապատասխան կարգի վարման իրավունքի վկայական՝ հիմք ընդունելով որակավորման հանձնաժողովի եզրակացությունը։
Առաջիկա քննությունը սպասվում է հունիս ամսվա սկզբին՝ Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանի շրջանավարտների հետ: Տրակտորիստ-մեքենավարի վկայական ստանալ ցանկացողները կարող են դիմել Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարան՝ դասընթացներին մասնակցելու համար, իսկ տրակտորիստ-մեքենավարի ավարտական վկայական ունեցողները՝ ԱՀ գյուղատնտեսության նախարարություն: