Գիտական առաջավոր փորձը պետք է գործնական կիրառություն ունենա
22/06/2020
Հունիսի 20-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանն այցելել է Շուշիի տեխնոլոգիական համալսարան, որտեղ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ուղեկցությամբ ծանոթացել է համալսարանի գիտատեխնիկական բազային, իրականացվող աշխատանքներին և առաջիկա ծրագրերին: Աշոտ Բախշիյանի խոսքով, անհնար է գերագնահատել գիտության և կրթության, առավել ևս՝ առաջատար տեխնոլոգիաների դերը գյուղատնտեսության զարգացման գործում: Եվ գիտական բավարար պոտենցիալ ունեցող բուհը պետք է լուրջ մասնակցություն ունենա մեր տնտեսության զարգացման գործում:
-Մեր գիտնականների առաջավոր փորձը պիտի գործնական կիրառություն ունենա: Իսկ այս ԲՈՒՀ-ում ես այսօր բավականին շատ բան տեսա, որպեսզի լավատեսության հիմքեր ունենամ: Այստեղ կա բավականին պատկառելի գիտական միտք, որը նաև գործնական նշանակություն ունի, և կարծում եմ, որ ՇՏՀ-ի հետ մեր համագործակցությունն էլ ավելի կխորանա ու կսերտանա,-նշել է նախարարը: Աշոտ Բախշիյանը հատկապես ընդգծել է համալսարանի բնագիտական լաբորատորիայի գործունեությունը, որի ղեկավար Գագիկ Ներսիսյանի հետ քննարկվել է համալսարանում ստացված եթերայուղերի, քսուքների և բալասանների արտադրություն կազմակերպելու հարցը:
Ռեկտորատի հետ քննարկումների ժամանակ, ի թիվս այլ հարցերի, շոշափվել է նաև անջրդի պայմաններում պոլիմերահանքային նյութերի կիրառման միջոցով աշնանացան ցորենի և այլ մշակաբույսերի բերքատվության բարձրացման և հանրապետությունում անասնաբուծության զարգացման համար անհրաժեշտ՝ հիդրոպոնիկ համակարգի ներդրման անհրաժեշտությունը:
Այսուհետ նախարարությունը ՇՏՀ-ի մասնագետների և այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ կկազմակերպի վեբինարներ, որոնք նվիրված կլինեն գյուղոլորտի խնդիրներին: