«Գենոսերվիս» ընկերության սեփականատերերի այցը` Արցախ
15/11/2012

Արցախի գյուղատնտեսության կարևորագույն ճյուղերից մեկի` անասնապահության զարգացումը պահանջում է ոչ միայն ներքին ռեսուրսների, այլ նաև` զարգացած երկրների կողմից հնարավոր աջակցությունների նպատակամղված օգտագործում, առաջավոր փորձի ընդօրինակման միջոցով նոր տեխնոլոգիաների ներդրում: Այդ նպատակով գյուղատնտեսության նախարարությունն օգտագործում է ամեն մի հնարավորություն` արտասահմանյան կազմակերպությունների հետ տնտեսական կապերի ստեղծման և ամրապնդման ուղղությամբ: Հատկանշական էին վերջին ամիսներին նախարարության կողմից վարած բանակցությունները, որոնց արդյունքներն օր-օրի ավելի են տեսանելի դառնում:
Դեռևս հունիսին նախարարի առաջին տեղակալ Աշոտ Բախշիյանի` Չեխիա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն նոյեմբերի 13-ին Արցախ ժամանեցին «Գենոսերվիս» ընկերության սեփականատերեր Լյումիր Գրուսմանը և Տոմաշ Տրոլարը :
Նախարար Անդրանիկ Խաչատրյանը, ընդունելով հյուրերին, իր գոհունակությունն արտահայտեց այցի կապակցությամբ, միաժամանակ նաև ակնկալիքներ` նման հանդիպումների միջոցով փոխշահավետ գործնական համագործակցություն ձեռքբերելու առումով: Նա կոնկրետ ուղիներ մատնանշեց համագործակցության հետագա քայլերի համար, ինչը ողջունեցին նաև արտասահմանյան գործընկերները: