ԲԵՐՔԻ ՏՈՆ 2016-Ն ԱՆՆԱԽԱԴԵՊ ԷՐ՝ ԻՆՉՊԵՍ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԻՆ
11/10/2016
Հոկտեմբերի 9-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացվեց հերթական Բերքի տոնը, որը նաև գյուղատնտեսության աշխատողի օրվա տոնական արտահայտությունն է: Նրանում ներկայացված էր Արցախ աշխարհի գյուղմթերքների տեսականին, որը տարիների հետ ավելի է ընդլայնվում:
2011 թվականից ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպվող և անցկացվող ու ամենամյա դարձած գյուղմթերքների հերթական ստուգատեսն ամենաներկայացուցչականն ու աննախադեպն էր իր պատմության մեջ. ավելի քան 700 մեքենա, նույնքան սեղան: Իրենց մասնակցությունն էին բերել ցուցահանդես-տոնավաճառին հանրապետության ավելի քան 200 համայնք, ինչպես նաև Արցախի տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտները:
Բերքի տոնը, նրանում ներկայացված բերք ու բարիքը, հողի աշխատավորին ու Արցախ աշխարհն օրհնել է ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Ցուցահանդես-տոնավաճառին մասնակցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի, գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանի և բարձրաստիճան այլ այրերի և Արցախ ժամանած հյուրերի ուղեկցությամբ:

Առավոտյան ժամը 8-ից մինչև ժամը 17-ը թևածում էր տոնական տրամադրությունը. մարդիկ առևտուր էին անում շուկայականից ցածր գներով (կատարված առևտրի գումարն անցնում է 600 միլիոնից) և համտեսում ուտեստները, որոնք հյուրասիրության համար ներկայացված էին ամենուրեք: ԼՂՀ ՄԵ հարցերի նախարարության և շրջվարչակազմերի մշակույթի բաժինների ուժերով էլ ներկայացվել էր մշակութային հարուստ ծրագիր:
Այս տարի ևս իր ծանրակշիռ մասնակցությամբ առանձնացավ Քաշաթաղի շրջանը՝ հաղթելով նաև լավագույն տաղավար անվանակարգում:
Նշենք նաև, որ ի թիվս կազմակերպական այլ գործառույթների, Արցախի գյուղատնտեսության նախարարությունը հոգացել էր նաև միջոցառման մասնակիցների տրանսպորտային ծախսերը: