ԱՐՑԱԽ ԵՆ ՆԵՐԿՐՎԵԼ ԹԹԵՆՈՒ ՏՆԿԻՆԵՐ
03/03/2016
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը հայտարարվել է պտղաբուծությունը: Այս ճյուղի զարգացման համար նախարարությունը ծրագրել էր պետության օժանդակությամբ բազմաթիվ պտղատեսակների որակյալ տնկիներ ներկրել հանրապետություն: Եվ ահա պտղաբուծության զարգացման շրջանակներում Սիրիայից արդեն ներկրվել են թթենու քսան հազար տնկիներ, ինչը թույլ կտա թարմացնել հանրապետության թթայգիներն ու զարգացնել թթենու մշակությունը: Ինչպես նշեց գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը, սա պետական ծրագիր է, և թթենու տնկիներն անհատույց բաժանվելու են հողօգտագործողներին, որոնք իրենց հերթին պարտավոր կլինեն ուշադիր լինել և լավ խնամել տրամադրված տնկիները: Ծրագիրը շարունակական կլինի՝ թթենիների մի մասից կբազմացվեն նոր տնկիներ՝ թթայգիները պարբերաբար թարմացնելու նպատակով:
Թթենիներից բացի, «Ասմարյան Գրին Լանդ» ՓԲԸ-ն ներկրել է նաև մեկուկես տանյակ այլ պտղատեսակների տնկիներ (խնձորենու, տանձենու, սալորենու, նշենու, թզենու և նռան տարբեր տեսակների, ինչպես նաև՝ մեզ մոտ ոչ ավանդական՝ պիստակենու, կիվիի, արդյունաբերական վարդի տնկիներ), որնոնցից որոշները ոչ ավանդական են մեզ մոտ, իսկ ավանդական պտղատեսակներից էլ ներկրված սորտերը միանգամայն նորություն են մեր գյուղաշխարհի համար: Ներկրված տնկիները ձեռք բերել ցանկացողները կարող են դիմել «Ասմարյան Գրին Լանդ»-ին: Հավելենք նաև, որ այս ջերմոցային տնտեսությունում տնկիները կբազմացվեն և հետագայում կտրամադրվեն հողօգտագործողներին, ովքեր կարող են ոչ հեռու ապագայում հանրապետության վերամշակողներին տրամադրել ստացված բերքը: