Արցախում կներդրվի կերարտադրության նոր եղանակը
02/07/2020
Հուլիսի 2-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանն անասնաբուծության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ անց է կացրել խորհրդակցություն՝ նվիրված Արցախում այլընտրանքային կանաչ կերի արտադրության հիդրոպոնիկ եղանակի ներդրման հեռանկարին: Ինչպես նշել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ տնօրեն Արման Օհանյանը, գյուղատնտեսական կենդանիներին կանաչ կերով ապահովելու այս եղանակի ներդրումը պայմանավորված է ժամանակի հրամայականով: Այն ունի 15 տարվա պատմություն և հաջող քննություն է բռնել աշխարհի մի շարք երկրներում: Նպատակը կենդանիներին ավելի բարձրակարգ կեր մատուցելն է, ինչը բարերար ազդեցություն է թողնում մթերատվության ցուցանիշների վրա:
Նախարար Աշոտ Բախշիյանն ընդգծել է, որ գյուղատնտեսության զարգացումը հնարավոր չէ ակնկալել առանց նորագույն տեխնոլոգիաների ներդրման, ինչպիսին է նաև կերարտադրության նշված եղանակը, և արվող ներդրումները պետք է լինեն հնարավորինս արդյունավետ: Այս առումով այն միանգամայն նպատակահարմար է և համահունչ ոլորտի զարգացման վերաբերյալ երկրի նախագահի ծրագրերին: Իսկ կերարտադրությանն անհրաժեշտ սերմերի արտադրության համար էլ, ըստ նախարարի, կօգտագործվեն ԳՆ ենթակայությամբ գործող՝
«Սերմնաբուծության, սելեկցիոն նվաճումների փորձարկման, պահպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն»-ի հնարավորությունները:
«Սմարթ Ագրո» ՓԲԸ՝ անասնաբուծության գծով խորհրդատու Դավիթ Նավասարդյանը պրոյեկտորի օգնությամբ խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է հիդրոպոնիկ եղանակի ներդրման մեխանիզմներն ու գործարկման առանձնահատկությունները, ինչպես նաև՝ աշխարհում նրա ներդրման փորձը և պատասխանել առաջադրված հարցերին:
Առաջիկա շաբաթներին կսկսվեն կերարտադրության նոր եղանակի ներդրման աշխատանքները: