Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է
09/01/2019
ԱՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից հանրապետության շրջաններում իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ ակտիվացել է մկնանման կրծողների տարածումն ու զարգացումը, և անհրաժեշտ պայքարի միջոցառումներ չիրականացնելու դեպքում ձմռան ամիսներին կարող են լրջորեն վնասվել աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքսերը, ինչպես նաև պտղատու և խաղողի այգիները:
Հնարավոր վնասները կանխելու և հողօգտագործողներին աջակցելու նպատակով գյուղատնտեսության նախարարությունն իրականացնում է մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումների ծրագիր, մասնավորապես, ըստ մոնիտորինգի արդյունքների՝ վարակված տարածքներում պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով ԱՀ շրջաններին անհատույց հատկացվել են անհրաժեշտ քանակությամբ «Բրոդիֆակում» տեսակի թունաքիմիկատ և օգտագործման վերաբերյալ համապատասխան խորհրդատվական ցուցումներ։
ԱՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է հողօգտագործողներին հետևել գյուղատնտես մասնագետների խորհուրդներին ու ցուցումներին, սեղմ ժամկետում ավարտել պայքարի աշխատանքները` խստորեն պահպանելով անվտանգությանը ներկայացվող պահանջները:
Լրացուցիչ հարցերի դեպքում հողօգտագործողները կարող են դիմել գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության, «Բույսերի պաշտպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և համապատասխան շրջանային գյուղբաժինների մասնագետներին:
Կից ներկայացնում ենք «Բրոդիֆակում» ռոդենտիցիդի օգտագործման ցուցումները:
Բրոդիֆակում ռոդենտիցիդի օգտագործման ցուցումներ
Բրոդիֆակումը նախատեսված է մկնանման կրծողների դեմ թունավոր գրավչանյութեր պատրաստելու համար: Կարելի է օգտագործել ինչպես ծածկված, այնպես էլ բաց գրունտում՝ աշնանացանի ցանքսերում, բազմամյա խոտհարքներում, այգիներում և այլ մշակաբույսերի ցանքսերում:
Ազդման մեխանիզմը: Պրեպարատը ընկնելով մկնանման կրծողների աղեստամոքսային տրակտ, կուտակվում է օրգանիզմում, հետագայում բերելով արյան լերդացման, որն էլ պատճառ է դառնում լետալ ելքի: Մկնանման կրծողների մոտ Բրոդիֆակումի ազդեցությունը երևում է 3-8 օրվա ընթացքում:
Գրավչանյութ պատրաստելու տեխնիկան: Որպես գրավչանյութ կարելի է օգտագործել ցորեն, գարի (կտրտված կարտոֆիլ, բազուկ, գազար և խնձոր): Մետաղյա տարայի մեջ լցնել 1 կգ գրավչանյութ, ավելացնել 25 մլ բրոդիֆակում և մանրակրկիտ խառնել: Պատրաստի թունավոր գրավչանյութը լցնել հերմետիկ փակվող տարաների մեջ, որոնք արդեն պատրաստ են տեղափոխման և օգտագործման: Ըստ անհրաժեշտության, կարելի է գրավչանյութին խառնել 15-20 գրամ ձեթ: Ձեթի և թունանյութի չափաքանակները խորհուրդ չի տրվում ավելացնելու, քանի որ այդ դեպքում մկնանման կրծողների մոտ առաջանում է փորլուծություն և բրոդիֆակումը օրգանիզմից արագ հեռանում է՝ չթողնելով իր ազդեցությունը:
Օգտագործման տեխնիկան և ծախսի նորման: Պայքարի միջոցառումը իրականացնում են կազմված խմբերով՝ գրավչանյութի համապատասխան չափաբաժինը լցնելով մկնանման կրծողների գործող բների մեջ: Պայքարի միջոցառումը իրականացնել այն դեպքում, երբ հեկտարի հաշվով կա 10-20 գործող բույն: Միջոցառումն անհրաժեշտության դեպքում կրկնել 2 շաբաթ հետո: Յուրաքանչյուր գործող բնի մեջ լցնել գրավչանյութի 5-10 հատիկ:
Անվտանգության կանոնները: Հարկ է նշել, որ բրոդիֆակում պետք է օգտագործել ջրային տնտեսություններից 500 մ հեռավորության վրա: Գրավչանյութ պատրաստելիս հագնել ձեռնոցներ, աչքերը փակել ակնոցներով, օգտագործել ռեսպիրատոր: Գրավչանյութ պատրաստելիս չծխել, չուտել: Գրավչանյութը չպահել անասնակերի, այլ մթերքների հետ միասին նույն պահարանում: Օգտագործված տարրաները լվանալ խմելու ջրից հեռու աղբյուրներում և հետագայում չօգտագործել ուրիշ նպատակների համար: