Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի շնորհավորական ուղերձը գյուղոլորտի ներկայացուցիչներին՝ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ
30/12/2018
Սիրելի գործընկերներ
Ավարտին է մոտենում ստեղծագործ և քրտնաջան աշխատանքի ևս մեկ տարի: Մեր ոլորտի համար այն նշանավորվեց, նախևառաջ, գյուղատնտեսության զարգացման ծրագրերը ռազմավարական նոր հարթություն տեղափոխելու մեկնարկով, ինչով և կանխորոշվեցին երկարաժամկետ տիրույթում գյուղատնտեսության զարգացման հեռանկարներն ու առաջնահերթությունները:
Վստահ եմ, որ մենք համատեղ հասնելու ենք գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի և նրանից բխող բոլոր ծրագրերի նպատակներին, ինչի համար ունենք բավարար ներուժ և կամք:
Անցնող տարում, ցավոք, մեզ չհաջողվեց խուսափել կորուստներից, և, որ հատկապես ցավալի է, դժբախտ պատահարների պատճառով մենք կորցրեցինք մեր գործընկերներից ոմանց:
Անբարենպաստ բնակլիմայական պայմանների պատճառով մեծ էր կորուստը նաև հողօգտագործողի համար, այնուամենայնիվ, մեզ հաջողվեց արձանագրել առաջընթաց, ինչի համար երախտագիտությունս եմ հայտնում ձեզ:
Գալիք՝ 2019 թվականը մեզ համար կլինի սկսված ծրագրերի շարունակման, նոր ծրագրերի և ուղենիշների նախանշման ժամանակաշրջան: Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և շարունակական հաջողություններ հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Թող 2019 թվականը նշանավորվի որպես արգասաբեր աշխատանքի, բերքառատության և զարգացման տարի: