ԱՐՑԱԽԻ ԹԹԱՅԳԻՆԵՐԸ ԿՀԱՄԱԼՐՎԵՆ ՇՈՒՐՋ 200 ՀԵԿՏԱՐՈՎ
29/10/2015
Հանրապետությունում շարունակվում է նոր այգիների հիմնման գործընթացը։ Թթենին այս առումով բացառություն չէ։
Թթենու տնկարկների ընդլայնման մասին է ճեպազրույցը ԼՂՀ գյուղատնտեսության փոխնախարար Կարեն ԱՂԱՋԱՆՅԱՆԻ հետ։
-Արցախի գյուղոլորտն օր օրի բարեփոխվում է. նոր մշակաբույսեր են իրենց կիրառությունը գտնում։ Կախված տնտեսական նպատակահարմարությունից, նախկինում մշակվող որոշ կուլտուրաներ մասամբ սկսել են դուրս մնալ հողօգտագործողների ուշադրությունից։ Այս առումով ի՞նչ հեռանկարներ ունի ավանդական թթենին մեր հանրապետությունում։
-Ընդհանրապես, Ղարաբաղը վաղուց հայտնի է եղել իր այգիներով, մասնավորապես, թթենու այգիներով։ Նույնիսկ, որքան հիշում եմ, որոշ պատմաբաններ, ոչ առանց հիմքերի, «Ղարաբաղ»- ը պարսկերենով ստուգաբանում են որպես մեծ այգի, այգիներով առատ տարածք նշանակող բառեզրով։ Դե, իսկ թթենին, հայտնի է ողջ աշխարհին, մեզ համար վաղուց վեր է ածվել այցեքարտի պես մի բանի, ինչի վկայությունն է նաև այն հանգամանքը, որ բոլոր շրջաններում էլ ունենք դարավոր թթենիներ։ Եվ հիմա մենք մեր առջև խնդիր ենք դրել թարմացնելու թթայգիները՝ դրանք համալրելով նոր տնկիներով, ավելին՝ հիմնելով նոր տնկարկներ։ Այս ամենը կյանքի կոչելու նպատակով ԼՂՀ գյուղնախարարությունը հանդես է եկել թթենու տնկիներ ձեռք բերելու և մեր այգեգործներին տրամադրելու նախաձեռնությամբ, որի արդյունքում ապահոված կլինենք թթենու այգիների նորացումն ու թարմացումը։ Ավելորդ չէ նշելը, որ Արցախի թթենուց ստացվող տարատեսակ արտադրանքները (ուրախությամբ պիտի նշեմ, որ ոչ հեռու ապագայում դրանց կարող է միանալ նաև շերամապահությունից ստացվող արդյունքը) մեծ պահանջարկ ունեն նաև մեր հանրապետությունից դուրս և պահանջարկն էլ տարեցտարի ավելի է մեծանում։ Հետևաբար և, խնդիր ունենք առավել հոգատարություն ցուցաբերել թթենու նկատմամբ՝ որպես ավանդական բուսատեսակի։ Եվ այս առումով նշածս նախաձեռնությունն ավելի քան տեղին էր։ Ու մենք արդեն ձեռք ենք բերել պայմանավորվածություն՝ Սիրիայից ներկրելու թթենու քսան հազար տնկիներ (այս ծրագիրը մենք մի քանի տարի առաջ էինք ուզում կյանքի կոչել, բայց միայն հիմա հաջողվեց), որոնք կսկսեն մուտք գործել Արցախ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին և կտրամադրվեն արդեն 2016-ի փետրվարից սկսած:
Ինչպիսի՞ն կլինի տնկիների տրամադրման կարգը։
-Տրամադրման կարգը հետևյալն է. մենք արդեն ծանուցել ենք հանրապետության բոլոր շրջվարչակազմերին, և նրանք պետք է համապատասխան հայտեր ներկայացնեն գյուղնախարարությանը, ինչից հետո էլ կտրամադրվեն համապատասխան քանակության թթենու տնկիները։ Հավելեմ նաև, որ ԼՂՀ կառավարության որոշման համաձայն՝ մեր կողմից կիրականացվի վերահսկողություն, որպեսզի մարդիկ պատշաճ կերպով խնամք տանեն տրամադրված տնկիների նկատմամբ։ Սա բավականին հեռանկարային ծրագիր է, և այն բարեհաջող կյանքի կոչելու պարագայում մեր թթայգիները կավելանան ևս 180-200 հա-ով։ Ասեմ նաև, որ պահանջարկ լինելու դեպքում ծրագիրը շարունակություն կունենա։