Աջակցություն պահեստազորային սպաներին
02/05/2018
Ապրիլի 28-ին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանի մասնակցությամբ մեկնարկել է պահեստազորային սպաներին մեղվաընտանիքների տրամադրման ծրագիրը, որը նախաձեռնել է «Հանի Հաուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Ծրագրի առաջնային նպատակն է՝ լուծել թոշակի անցած սպաների զբաղվածության խնդիրը՝ նոր թափ տալով մեղվաբուծության զարգացմանն Արցախում:
Ըստ ծրագրի պատասխանատուների՝ սկսնակներին կտրամադրվի 20 մեղվաընտանիք, իսկ փորձառուներին՝ 40 մեղվաընտանիք: Արցախի մեղվապահների ասոցիացիան պարբերաբար կկազմակերպի վերապատրաստումներ ու փորձի փոխանակման հնարավորություն կստեղծի ծրագրի մասնակիցների համար:
«Մաքուր մեղր արտադրելու համար Արցախն ունի համապատասխան բնակլիմայական պայմաններ, և արդեն ժամանակն է, որպեսզի մեր արտադրանքը իր տեղն ունենա նաև արտաքին շուկայում»,- նշել է Տիգրան Առստամյանը:
Ծրագրի պատասխանատուներն էլ իրենց հերթին ավելացրեցին, որ մեղրն իրացման խնդիր չի ունենա:
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է պետական աջակցությամբ: