Աջակցության ծրագրերի քննարկում՝ հանրապետության մի շարք հողօգտագործողների հետ
19/08/2020
Օրվա երկրորդ կեսին ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը գյուղոլորտի նորացված աջակցության ծրագրերը ներկայացրել է հանրապետության մի շարք հողօգտագործողներին:
Նախարարը հատուկ ընդգծել է հողօգտագործողների ինքնակրթության ու գիտելիքների բազայի շարունակական թարմացման կարևորությունը՝ որպես որակյալ ու մեծաքանակ բերքի ապահովման նախապայման:
Հրավիրվածներին ներկայացնելով աշնանացան մշակաբույսերի սերմացուի սուբսիդավորման կարգի մանրամասները, Ա. Բախշիյանը նախևառաջ կարևորել է որակյալ սերմի ընտրությունը որպես բարձր բերքատվության գրավական: Նախարարությունը սերմերի ձեռքբերման հարցը ընթացիկ տարվանից թողնում է հողօգտագործողներին, որպես աջակցություն ընտրելով ներկրված սերմի արժեքի 70 դրամը սուբսիդավորելու տարբերակը:
Հացահատիկայինների բերքի վերջնական արդյունքի մթերումը ևս կխրախուսվի. 10 դրամ հավելավճարով՝ յուրաքանչյուր 1 կիլոգրամի դիմաց: Հարկ է նշել, որ հացահատիկայինների՝ ՀՀ արտահանման դեպքում առաջացած ԱԱՀ-ն կփոխհատուցի ԳԳԱՀ-ն:
Ընթացիկ տարվանից Արցախում ազատականացվել է նաև պարարտանյութի ներկրման գործընթացը: Դա կատարվել է ոլորտում մրցակցության բարձրացման և լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման նպատակով:
Նորարարական է ջերմատների կառուցման ծրագիրը. այն ներդրումային բնույթի է, 1 հա ջերմոցի կառուցման դիմաց նախատեսվում է արժեքի 50%-ի չափով փոխհատուցում, բայց ոչ ավել, քան 200 մլն դրամի աջակցություն:
Կարևորելով անասնաբուծական կերային կայուն բազայի ստեղծումը, կխրախուսվի կորնգանի և առվույտի մշակությունը՝ նվազագույնը 1 հեկտարի հաշվով նախատեսվում է տրամադրել 40 000 դրամ անհատույց աջակցություն:
Ծխախոտագործության ոլորտում աջակցության փոփոխությունը կայանում է մթերված յուրաքանչյուր կգ բերքի դիմաց 20 դրամ լրավճարի տրամադրում՝ նախկին 10 դրամի փոխարեն:
Ուշագրավ է վարելահողերի համատեղ մշակության ծրագիրը. վերջինս ենթադրում է նվազագունը 10 հա հողի ենթավարձակալության պայմանագրով համատեղ մշակվող հողատարածքի դիմաց 50 000 դրամի հատուցում՝ յուրաքանչյուր 1 հեկտարի համար:
Այգեգործության վերաբերյալ հարկ է նշել, որ տնկիները կընտրվեն և կներմուծվեն հողօգտագրծողի կողմից, նախարարությունը կսուբսիդավորի տնկանյութի արժեքը՝ առավելագույնը 1000 դրամ 1 տնկու դիմաց: Այստեղ Աշոտ Բախշիյանը կոչ է արել տնկիների ընտրության հարցում (ինչպես նաև գարնանացան և աշնանացան մշակաբույսերի սերմացուների) նախապատվությունը տալ տեղական արտադրությանը:
Բույսերի պաշտպանության ոլորտում փոփոխոթյունը կայանում է գնայուկ բզեզի դեմ պայքարի համար թունանյութի անհատույց տրամադրման մեջ:
Ոռոգման համակարգի նորարարություններից է արտեզյան հորերի հորման գործընթացը հողօգտագործողի կողմից կազմակերպման դեպքում փոխհատուցման տրամադրումը (նվազագույնը 20 հա այգի). 100 մետր խորությամբ արտեզյան խորքային հորերի համար առավելագույնը՝ 7 500 000 դրամ, 125 մետրի համար՝ առավելագույնը 10 000 000 դրամ, 150 մետրի համար՝ առավելագույնը 12 500 000 դրամ:
Սրանք աջակցության ծրագրերի միայն մի մասն է, մնացած ծրագրերի վերաբերյալ կխոսվի առաջիկայում:
Կարևոր է, որ աջակցության ծրագրերի իրագործման ամբողջ ընթացքը վերահսկվելու է նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից՝ պետական միջոցների նպատակային օգտագործումն ապահովելու համար: