ԱՇԽԱՏԵԼ ԱՎԵԼԻ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ
22/01/2015
Հունվարի 21-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունում լսվեցին գերատեսչության ենթակայության ներքո գործող կազմակերպությունների տարեկան հաշվետվությունները:
Հաշվետու ժամանակահատվածում ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից հաշվառվել են 1200 տնտեսվարող սուբյեկտներ: Դիտարկում է իրականացվել 50 համայնքներում: Տնտեսվարողներին համապատասխան օրենսդրաիրավական ակտերի ծանոթացման և զգուշացման կառավարման գործիքի օգտագործման արդյունքում հաջողվել էկաթնամթերքի, հացի և հրուշակեղենի արտադրությունում վերացնել մի շարք թերություններ և կատարել բարեփոխումներ: Տեսչական օպերատիվ դիտարկումների շնորհիվ 2014-թ-ի փետրվարից դեկտեմբեր ամիսը ներառյալ ոչնչացվել կամ օգտահանման նպատակով վաճառքի շուկայից հանվել են հետևյալ ապրանքատեսակները. 1տ 448.89կգ կաթնամթերք, 1տ 296.025 կգ մսամթերք, 32 կգ ձկնամթերք, 1529 փաթեթ տարբեր տեսակի ապրանքատեսակներ, 6896 ձու և 769 լ հյութ: Ինչպես նաև վերացվել է 300.000 ձվի մակնշման թերությունը` համապատասխանեցնելով անհրաժեշտ պահանջներին: Հաշվառվել են ընդհանուր առմամբ 70 մսամթերքի վաճառքով զբաղվող և անասնաբուժական դեղերի վաճառքով զբաղվող տնտեսվարող ընկերություններ: 2014 թ-ին, ըստ Ստեփանակերտի անասնաբուժական սպասարկման կայանի գրանցամատյանի տվյալների, լաբորատոր փորձաքննություն է անցել և վաճառքի համար պիտանի է ճանաչվել 106.267 կգ խոշոր եղջերավոր, 9.824 կգ մանր եղջերերավոր կենդանիների և 81.860 կգ խոզի միս:
Բուսասանիտարիայի տեսչության կողմից իրականացվել են դիտարկումներ թարմ պտուղ-բանջարեղեններում առկա նիտրատների քանակները պարզելու նպատակով: Ունեցած արդյունքների հիման վրա կազմվել է ռիսկային համարվող ապրանքաների ցանկը:
Տեսչության կողմից իրականցվել են բացատրական-ուսուցողական աշխատանքներ ԼՂՀ-ում ձմերուկի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների հետ և արդյունքում, եթե նախկին տարիներին ձմերուկում առկա նիտրատների քանակը եղել է 150-190մգ, 2014 թ-ին այն կազմել է 60-90մգ: Իրականացվել են դիտարկումներ թունաքիմիկատների վաճառքով զբաղվող օբյեկտներում:
Տարվա կտրվածքով վերանվանված` Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննություններիլաբորատորիայում կատարվել են ընդհանուր հետևյալ հետազոտությունները:
- Ախտանատոմիական բաժին-367
- Մանրեաբանական բաժին-356
- Շիճուկաբանական բաժին-29599
- Մակաբուծական բաժին 209
- Թունաբանական-110 նմուշ
Բոլոր հետազոտությունները կատարվել են անասնաբուժական մասով, իսկ սննդամթերքի մասով դրանք իրականացվելու են արդեն այս տարվանից:
Նախարար Անդրանիկ Խաչատրյանը նշեց, որ ծառայության նպատակը եղել է ոչ թե պատիժներ կիրառելը, այլ տնտեսվարողներին օգնելը, ինչը կնպաստի ունենալ գործող ստանդարտներին համապատասխան տնտեսություն և արտադրություն: Նախարարի հավաստմամբ, արդեն առաջիկայում, Կառավարության կողմից օրենքի նախագծի ներկայացված տարբերակի հավանության արժանանալուց հետո, Ծառայությունը կսկսի լիարժեքորեն իրականացնել իր ստուգումները:
Այնուհետև լսվեցին հանրապետական անասնաբուժական սպասարկման կայանների պետերի հաշվետվությունները: Նախարարն ընդգծեց, որ իրականացվել են անհրաժեշտ բոլոր կանխարգելիչ միջոցառումները, ինչի արդյունքում հաջողվել է պահպանել կայուն հակահամաճարակային իրավիճակ: Խոսելով հանրապետության մի շարք շրջկենտրոններում անասնաբուժական կայանների նոր շենքերի շահագործման մասին, Անդրանիկ Խաչատրյանը նշեց, որ առաջիկայում բոլոր շրջկենտրոններում կունենանք ժամանակակից ստանդարտներին համապատասխան կայանների շենքեր:
<<Սերմնաբուծության և սելեկցիոն նվաճումների պահպանության կենտրոն>> ՓԲԸ-ն հաշվետու տարում իրականացրել է գյուղմշակաբույսերի սերմերի 400 նմուշի լաբորատոր փորձաքննություն, գյուղմշակաբույսերի սորտերի պետական փորձարկում` 36 սորտ, 212 հա-ի վրա` առաջնային սերմնաբուծության կազմակերպում և հավաստագրված սերմերի արտադրություն, 185 հա-ի վրա 2015 թ-ի բերքի տակ աշնանացան ցորենի առաջնային սերմնաբուծության կազմակերպում և հավաստագրված սերմերի արտադրություն: Իրականացվել է նաև գյուղմշակաբույսերի սերմերի 400 նմուշի լրիվ լաբորատոր անալիզ: Պետական սորտափորձարկման է գնահատվել 36 սորտ, 212 հա աշնանացան ցորենի <<կրասնոդարսկայա-99>> սորտի սերմնադաշտերից ստացվել է 581489.6 կգ հավաստագրված սերմ:
<<Բույսերի պաշտպանության ծառայություն>> ՊՈԱԿ-ի կողմից 2014 թվականին կատարված աշխատանքներն ուղղված են եղել հանրապետության տարածքում բույսերի հիվանդությունների, վնասատուների, մկնանման կրծողների տարածման կանխարգելմանն ու դրանց հետագա զարգացումը թույլ չտալու համար համապատասխան միջոցառումների կազմակերպմանը: Դաշտային հետազոտությունները և ցանքսերի բուսասանիտարական վիճակի ուսումնասիրությունները կազմել են 66.200 հա, որոնց արդյունքում հայտնաբերվել են վարակված տարածքներ, ինչի մասին ժամանակին իրազեկվել են պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական և ֆիզիկական անձինք: Շրջանների կողմից ներկայացված հայտերի համաձայն, հատկացվել է 2850 կգ <<ցինկի ֆոսֆիդ>> տեսակի թունանյութ: Տրամադրվել է նաև 175 լ <<ֆյուրի>> տեսակի թունանյութ` վնասատու մորեխների դեմ պայքարի կազմակերպման և դրանց հետագա տարածումը կանխելու նպատակով: Շարունակվել և ավարտին է հասցվել կարանտին վնասատու <<թթենու վահանակիր>> կոչվող միջատների դեմ պայքարի ծրագիրը:Հողերի ագրոքիմիական փորձաքննությունների աշխատանքների ծավալը կազմում է 1670 հա: Ծառայության կողմից մշակվել և հրատարակության է տրվել ուղեցույց հացազգի, բանջարաբոստանային մշակաբույսերի, պտղատու այգիների պայքարի քիմիական միջոցառումների վերաբերյալ:
2014 <<Տոհմային կայան>> ՓԲԸ-ում արտադրվել է 750 տ կաթ, իրացվել է 697.9 տ: Անցած տարվա համեմատ աճի տեմպը կազմել է 21.4 տոկոս: Մեկ ֆուրաժային կովի միջին օրական կաթնատվությունը կազմել է 7,6 լ, կթու կովինը` 13.5 լ: Անցած տարվա համեմատ աճի տեմպերը կազմել են, համապատասխանաբար, 10.1 և 26.1 տոկոս: Կայանում արձանագրվել է 167 ծին` անցած տարվա 160-ի փոխարեն: Տեղական նախրի բարելավման նպատակով իրականացվել է 51 տոհմային ցուլերի վաճառք: Կայանում իրականացվել են պլանով նախատեսված բոլոր հակահամաճարակային միջոցառումները, պատվաստումներն ու ընթացիկ ախտահանությունները:
Անդրանիկ Խաչատրյանը նշեց, որ չնայած 2014-ի գյուղատնտեսական տարին ամենահաջողվածներից չէր, այնուամենայնիվ որոշ ուղություններով առաջընթացը նկատելի էր:
-Մենք պետք է շարունակենք աշխատել էլ ավելի հետևողականորեն ու նպատակասլաց` ավելի բարելավելու համար մեր տնտեսական ցուցանիշները,- հաշվետվությունների ավարտին ասաց ԼՂՀ գյուղատնտեսության նախարարը: