Աշխատանքային խորհրդակցություն Հադրութում
01/12/2018
Նոյեմբերի 30-ին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի գլխավորած պատվիրակություննայցելել է Հադրութ, որտեղ մասնակցել է Հադրութի շրջանի խորհրդի նիստին:
Պատվիրակության կազմում էին նախարարի տեղակալներ Տիգրան Առստամյանը, Վիլեն Ավետիսյանը և Համլետ Ապրեսյանը, ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանը, Գն աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության պետ Անանիա Սողոմոնյանը և ԳՆ աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Հայկ Հակոբյանը:
Նիստի ընթացքում նախարարն անդրադարձել է գյուղոլորտի ընթացիկ և ծրագրվող աշխատանքներին ու գործընթացներին, որոնք վերաբերվում են ցանքաշրջանառությանը, անասնաբուծության կանոնակարգմանը և հիվանդությունների դեմ պայքարին, ոռոգման համակարգերի արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության խնդիրներին:
Հատկապես կարևորվել են շրջանում այգեգործական տարածքների ընդլայնումը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, կարգապահությունն անասնաբուծության և դաշտավարության մեջ՝ ագրոտեխնիկական ժամկետներն ու պայմաններն ապահովելու առումով, ինչպես նաև՝ սերտ համագործակցությունը տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
Առանձին ելույթներով հանդես են եկել Հադրութի շրջվարչակազմի գյուղբաժնի պետ Ստեփան Հակոբյանը, ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանը և ԳՆ գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության պետ Անանիա Սողոմոնյանը:
Վերջում նախարարը պատասխանել էառաջադրված երկու տասնյակից ավելի հարցերին:
Նիստի ավարտից հետո Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրենի հրավերով Արցախի գյուղոլորտի պատասխանատուներն այցելել են կրթօջախ: