Աշխատանքային խորհրդակցություն Ասկերանում 14/12/2018
Հանրապետության շրջաններ իրականացվող այցերի շրջանակում այսօր Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն այցելեց Ասկերան, որտեղ շրջվարչակազմի նիստերի դահլիճում կայացավ նրա հանդիպումը շրջանի ղեկավարության, համայնքապետերի և գյուղոլորտում ներգրավված տնտեսավարողների հետ: Նախարարին ուղեկցում էին նրա տեղակալները, ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության պետն ու նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: Ժ. Միրզոյանն անդրադարձավ գյուղոլորտում իրականացվող աշխատանքներին և ծրագրերին, ինչպես նաև՝ առաջիկա անելիքներին. նախապատրաստությանը գարնանացանին, սերմերի տրամադրման կարգին և գործընթացին, պարարտանյութերի օգտագործման նպատակահարմարությանն ու հիմնավորվածությանը: Նա ընդգծեց շրջանում ջերմոցային գործի դրվածքի ուսանելի փորձը: Այստեղ աջակցություն կտրամադրվի նրանց, ում ջերմոցների մակերեսը կազմում է առնվազն 250 քմ, ջեռուցվում է և ունի ոռոգման համակարգ: Քննարկվեցին այլ խնդիրներ ևս՝ կապված պետական աջակցության կարգի հետ: Հողօգտագործողներին աջակցություն տրամադրելու համար, ինչպես նշեց Ժ. Միրզոյանը, ցանքաշրջանառությունը կդիտարկվի պարտադիր պայման: Մենք այսուհետ պետք է պետական աջակցությունը դիտարկենք բացառապես որպես գյուղատնտեսության զարգացման միջոց, այն պետք խիստ նպատակային օգտագործվի: Ընդհանրապես, գյուղատնտեսության ոլորտը պետք է դառնա արտադրական ոլորտ, ասաց Ժ. Միրզոյանը: Խոսելով անասնաբուծության և անասնաբուժության ոլորտների խնդիրների մասին՝ նա հատկապես կարևորեց շրջանում անասնաբուծության կարգավորման խնդիրը: Անելիքները քիչ չեն նաև սննդի անվտանգության ապահովման ուղղությամբ: Գյուղոլորտի ղեկավարն ընդգծեց՝ սա չափազանց կարևոր խնդիր է, և այն լուծելու համար անհրաժեշտ է, որ տեղական ինքնակառավարման մարմինները ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության հետ գտնվեն մշտական, սերտ համագործակցության մեջ: Հատուկ ուշադրության արժանացավ ոռոգման խնդիրը: Ոռոգման համակարգերի մի զգալի մասը փոխանցվել է շրջանների իրավասությանը: Ասկերանում այն իրականացնում է «Խաչենշին» ՓԲԸ-ն: Շրջանում կշարունակվեն խորքային հորերի հորատման աշխատանքները, բայց դա կարվի միայն շրջակայքի՝ հնարավորինս ընդարձակ հողերի ոռոգման անհրաժեշտության հաշվառումով: Աշխատանքային խորհրդակցության վերջում նախարար Ժիրայր Միրզոյանը պատասխանեց հնչեցված հարցերին: