|
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
14/01/2016 Հունվարի 13-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը հրավիրել էր ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցում էին ոլորտի մի շարք պատասխանատուներ:Քննարկվեցին հանրապետությունում բույսերի՝ վնասակար օրգանիզմներից (վնասատուներ, հիվանդություններ և մոլախոտեր) պաշտպանության մի շարք հարցեր՝ ուղղված բուսասանիտարական իրավիճակի բարելավմանը, ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության աշխատանքների ակտիվացմանն ու բույսերի մշակության ագրոտեխնիկական պահանջներին համապատասխան երկրագործության վարմանը: Մասնավորապես, ելնելով սննդի անվտանգության պահանջներից, հանձնարարվեց ուշադրություն դարձնել ոչ միայն վերջնական արտադրանքի որակական ցուցանիշներին, այլև վեգետացիայի ողջ ընթացքում ագրոտեխնիկական կանոնների պահպանմանն ու գյուղատնտեսական աշխատանքների գրագետ կազմակերպմանը, նախապես կանխել խնդիրների առաջացման պատճառները, որպեսզի հետևանքների վերացումն ավելի ծախսատար և դժվար չլինի՝ յուրաքանչյուր մշակաբույսի համար պահպանելով հողի մշակության, պարարտացման, ոռոգման, թունաքիմիկատների օգտագործման փորձարկված և ընդունված կանոնները: Նախարար Արամ Մխոյանն ընդգծեց շրջաններում գործող գյուղատնտես մասնագետներին հիշյալ աշխատանքներում ընդգրկելու անհրաժեշտությունը: |