ԱՆՑԿԱՑՎԵՑ ՍԵՄԻՆԱՐ
26/01/2016
Արցախում գտնվող՝ Բրանդենբուրգի (Գերմանիա) օրգանական խոզաբուծական տնտեսության հիմնադիր և ղեկավար Բերնդ Շուլցը ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության ոլորտի պատասխանատուների հետ հունվարի 24-ին եղավ հանրապետության մի շարք տնտեսություններում, որտեղ իրականացրեց դիտարկում կենդանիների պահվածքի, կերակրման ու խնամքի վերաբերյալ և ցուցաբերեց անհրաժեշտ խորհրդատվություն:
Իսկ հունվարի 26-ին պարոն Շուլցը ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունում անցկացրեց սեմինար, որին մասնակցում էին հանրապետության անասնաբուծության պատասխանատուներն ու խոզաբուծության զարգացման ծրագրի հայցորդները:
ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Բ.Շուլցի կողմից առաջարկվող օրգանական խոզաբուծության մեթոդը քիչ ծախսատար է, արդյունավետ և տնտեսապես շահավետ: Այն արդեն ներդրվել է զարգացած անասնապահություն ունեցող բազմաթիվ երկրներում և նույնը մեզ մոտ անելը բոլոր առումներով շահավետ ու օգտակար կլինի, առավել ևս, նշեց Ա. Մխոյանը, մեր բնակլիմայական պայմանների հաշվառումով:
Այնուհետև ներկայացվեց գերմանական հեռուստատեսության «Կանաչ շաբաթ» ծրագրով ցուցադրված հաղորդումը, որում պատմվում է օրգանական խոզաբուծության՝ Բ. Շուլցի փորձի մասին՝ նրա իսկ մեկնաբանությամբ:
Սեմինարի վերջում Բ. Շուլցը պատասխանեց առաջադրված հարցերին: