ԱՆՑԿԱՑՎԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
22/09/2015
Սեպտեմբերի 21-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունում անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ նախարար Արամ Մխոյանը լսեց ԳՆ վարչությունների ու բաժինների պետերի տեղեկատվությունը կատարվող աշխատանքների մասին և տվեց համապատասխան ցուցումներ:
Խորհրդակցության ժամանակ ԳՆ «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» պետ Լևոն Սարգսյանն իրազեկեց, որ պլանավորված և ամենօրյա իրականացվող դիտարկումներից և ստուգումներից զատ, սեպտեմբերի 4-11-ն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրություններ են իրականացվել հանրային սննդի և արագ պատրաստման սննդի կազմակերպություններում, մասնավորապես՝ խորովածանոցներում: Ուսումնասիրության նպատակն էր՝ ականադիտական և համապատասխան փաստաթղթային զննման եղանակով պարզել տվյալ տնտեսվարող սուբյեկտում իրավական ակտերով պահանջվող սանիտարահիգիենիկ պայմանները: Արդյունքում, Ծառայության տեսուչների կողմից ուսումնասիրվել է հանրային սննդի 48 կետ, որոնցից խախտումներ են արձանագրվել սննդի 21 կետերում, որոնց մասով տրվել են հանձնարարականներ՝ համապատասխան վերջնաժամկետներով: 18 տնտեսվարողների մոտ վերացվել են թերությունները, իսկ 3-ի ժամկետը լրանում է սեպտեմբերի 25-ին:
Ըստ Լևոն Սարգսյանի՝ ռիսկային թերություն է այն հանգամանքը, որ աշխատողների մոտ բացակայում էին բժշկական գրքույկները: Նա հավելեց նաև, որ տվյալ մասով 48 կետերից թերություն է հայտնաբերվել ընդամենը 15 կետերով, որոնք և վերացվել են (աշխատողներն անցել են բժշկական զննություն և ձեռք են բերել բժշկական գրքույկներ):
Նաև՝ ուսումնասիրություն է կատարվել Ստեփանակերտ քաղաքի 28 խորովածանոցներում, որտեղ 18 հոգու մոտ բժշկական գրքույկները ժամկետանց էին (նրանցից 10-ն արդեն ձեռք են բերել գրքույկները, իսկ 8-ի ձեռքբերումն ընթացքի մեջ է՝ վերջնաժամկետ է սահմանված սեպտեմբերի 30-ը):