Անվտանգ սնունդ, առողջ սերունդ
15/03/2018
Մարտի 15-ը սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Այս կապակցությամբ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ կազմակերպվել էր իրազեկման ակցիա, որի կարգախոսն էր՝ «Անվտանգ սնունդ, առողջ սերունդ»:
Միջոցառման շրջանակներում Ծառայության աշխատակիցները Ստեփանակերտի՝ Խ. Աբովյանի անվան թիվ 1 դպրոցում անցկացրել են սեմինար-պարապմունք, որի ընթացքում կրթօջախի ուսուցիչներին և աշակերտներին են ներկայացվել սպառողների իրավունքները, բաժանել նրանց իրենց կողմից պատրաստված բուկլետները, ինչից հետո աշակերտները Ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ այցելել են մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղակայված խանութներ, որտեղ հաճախորդներին ևս բաժանվել են բուկլետներ, պարզաբանումներ տրվել նրանց իրավունքների մասին: Նշված առևտրի կետերում փակցվել են ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում գործող թեժ գծի հեռախոսահամարները, որոնցով և կարող են զանգահարել հաճախորդները հայտնաբերված խախտումների մասին:
Միջոցառման ավարտին սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ակցիայի մասնակից աշակերտներին բաժանվեցին հուշանվերներ:
