|
Անասնաբուծության ոլորտում նոր ծրագիր է գործարկվել
03/04/2023 Արցախի Հանրապետության կառավարության N 198-Ա որոշմամբ հաստատվել է սպանդանոցների, անասնաբուծական մթերքների և հումքի վերամշակման արտադրամասերի, անասնաշենքերի, ձկնաբուծարանների (խեցգետնաբուծարանների), սնկանոցների կառուցման, վերակառուցման ու վերանորոգման արժեքի մասնակի սուբսիդավորման ծրագիրը, համաձայն որի սահմանվել է սուբսիդավորում՝ իրականացված աշխատանքների դիմաց՝ արժեքի 60 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան՝
սպանդանոցների, անասնաբուծական մթերքների, հումքի վերամշակման արտադրամասերի, անասնաշենքերի, ձկնաբուծարանների (խեցգետնաբուծարանների), սնկանոցների կառուցում՝ 40 000 000 դրամ.
սպանդանոցների, անասնաբուծական մթերքների, հումքի վերամշակման արտադրամասերի, անասնաշենքերի, ձկնաբուծարանների (խեցգետնաբուծարանների), սնկանոցների վերակառուցում՝ 20 000 000 դրամ.
սպանդանոցների, անասնաբուծական մթերքների, հումքի վերամշակման արտադրամասերի, անասնաշենքերի, ձկնաբուծարանների (խեցգետնաբուծարանների), սնկանոցների վերանորոգում՝ 15 000 000 դրամ:
Ծրագրի շրջանակում սահմանված 60 տոկոսի չափով սուբսիդավորումը իրականացվում է աշխատանքների ավարտից հետո, իսկ մնացած 40 տոկոսը հայտատուն կատարում է սեփական միջոցների հաշվին:
Ծրագրի շահառու հանդիսանալու համար հայտատուները նախարարություն են ներկայացնում դիմում-հայտ՝ համաձայն Ձևի:
Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետ է համարվում մինչև տվյալ տարվա հուլիսի 1-ը:
Նախարարության կողմից դրական եզրակացություն ստացած հայտատուները պարտավորվում են 35 (երեսունհինգ) աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել փորձաքննություն անցած նախագծանախահաշվային փաստաթղթերը, որոնց հիման վրա ընթացքավորում է գործընթացը:
Շինարարությունը իրականացվում է հայտատուի կողմից ընտրված լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ միջոցով:
Աշխատանքների ավարտից հետո ստուգվում է իրականացված աշխատանքների համապատասխանությունը անասնաբուժասանիտարական, շինարարական ու բնապահպանական պահանջներին: Դրական եզրակացության դեպքում նախարարությունը սուբսիդավորում է արժեքի համապատասխան մասը:
Արցախի Հանրապետության տարածքում սպանդանոցային գործունեությամբ, անասնաբուծական մթերքների և հումքի վերամշակմամբ չզբղվելու և անասնաշենքերը, ձկնաբուծարանները (խեցգետնաբուծարանները) և սնկանոցները յոթ տարի նպատակային չօգտագործելու դեպքում՝ սույն կետով սահմանված ժամկետի չօգտագործված մասին համաչափ տրամադրված արժեքի սուբսիդավորված մասը ենթակա է վերադարձման Արցախի Հանրապետության պետական բյուջե՝ խախտումը հայտնաբերելուց հետո երեք ամսվա ընթացքում, իսկ տվյալ հայտատուն ծրագրի չիրականացված ժամկետին համապատասխան զրկվում է նախարարության կողմից իրականացվող որևէ պետական աջակցության ծրագրից:
Ծրագրի շրջանակում մշտադիտարկումը կիրականացվի նախարարության միջոցով:
Խախտումների և կեղծ տեղեկատվության ի հայտ գալու դեպքում՝ հայտատուն օրենքով սահմանված կարգով կենթարկվի պատասխանատվության:
|