Անասնաբուծության կանոնակարգման եվ արոտների կառավարման ծրագիրը ներդրվել է հանրապետության մի շարք համայնքներում
24/07/2019
Հուլիսի 17-23-ը հանրապետությունում մեկնարկել է «ԱՀ Շուշիի շրջանի մի շարք համայնքներում անասնաբուծության կանոնակարգման եվ արոտների կառավարման ծրագիրը», ինչպես նաև նույն ծրագրը՝ Ասկերանի շրջանի Սղնախ, Մարտունու շրջանի Ճարտար եվ Զարդանաշեն համայնքներում ներկայացնելու և ներդնելու գործընթացը: Այսպես, ծրագիրը, բացի վերը նշված համայնքներից, ներառում է Շուշիի շրջանի Եղցահող, Լիսագոր, Հին շեն, Մեծ շեն և Քիրսավան համայնքները և նպատակաուղղված է ստեղծել անասնաբուծության կանոնակարգման և զարգացման համար անհրաժեշտ պայմաններ, առկա արոտավայրերի լիարժեք օգտագործում և արոտների բարելավում, ինչպես նաև արոտավայրերի բերքատվության բարձրացում, արոտավայրերի ջրարբիացում, արոտավայրերում գյուղատնտեսական կենդանիների հերթափոխ արածեցում և, որպես վերջնանպատակ՝ ծրագրի հետևողական իրականացմամբ համայնքի բնակչության եկամուտների ավելացում:
Ծրագրի ներդրման առանձնահատկությունները համայնքերում անասնապահությամբ զբաղվողներին է ներկայացրել ԳՆ աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Նորայր Մուսայելյանը:
Հուլիսի 23-ին Ճարտար համայնքում ծրագրի շնորհանդեսին մասնակցել են նաև ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, նախարարի տեղակալներ Համլետ Ապրեսյանն ու Տիգրան Առստամյանը, խորհրդական Միքայել Սողոմոնյանը: Նախարարը, բացի գործարկվող ծրագրից, ներկաներին ծանոթացրել է ԱՀ-ում անասնապահությանը ներկայացվող պարտադիր պահնջներին, ընդգծել դրանց կարևորությունն ու նշանակությունը: Հ. Ապրեսյանն իր հերթին խոսել է Ճարտար համայնքի տարածքում խորքային հորերի վերականգման, ինչպես նաև ոռոգման համակարգերի կառուցման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ 2018 թվականին ԱՀ թվով հինգ համայնքներում արդեն իրականացվել է անասնաբուծության կանոնակարգման եվ արոտների կառավարման ծրագիրը, որը հասցրել է տալ իր դրական արդյունքները: Նախատեսվում է այն քայլ առ քայլ ներդնել հանրապետության բոլոր համայնքներում: