ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԱՍԿԵՐԱՆԻ ՈՒ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆՆԵՐ 22/05/2017
Շարունակվում են այցելություններն Արցախի հանրապետության շրջանային անասնաբուժական սպասարկման կայաններ՝ ուղղված, մեծապես, անասնապահների ու անասնաբույժների կողմից իրականացվող գործառույթների հանդեպ լիովին նոր՝ առավել ժամանակակից, գրագետ ու գիտականորեն հիմնավորված մոտեցման գաղափարի քարոզչությանը, ձևավորմանն ու ամրապնդմանը: Հանրապետության անասնաբուժության ու անասնաբուծության ոլորտի պատասխանատուները Տ. Հակոբյանի (ՀՀ-ից ժամանած անասնաբույժ, համաճարակաբան) հետ համատեղ մայիսի 20-ին այցելել են «Ասկերանի անասնաբուժական սպասարկման կայան» ՊՈԱԿ ու տեղում հանդիպել շրջանի համայնքները սպասարկող անասնաբույժների հետ: Հանդիպման ընթացքում շեշտը հիմնականում դրվել էր անասնաբույժին՝ իր գործունեությանը որպես կարևորագույն առաքելության ու շահավետ բիզնեսի վերաբերվելու վրա: Կարևորվել է նաև անասնապահի մոտ նման մոտեցման ձևավորումը, քանի որ միմիայն նշված օղակների փոխշահավետ համագործակցությամբ կապահովվի գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում անասնաբուծական արտադրանքի տեսակարար կշռի ավելացումը: Շրջագայությունն ավարտվել է Մարտակերտի շրջանի Հայկաջուրի (1400 գլուխ ոչխար) և Հոռաթաղի (470 գլուխ ոչխար) համայնքներում գտնվող խոշոր ոչխարաբուծական տնտեսություններ այցելությամբ, որտեղ հոտի բրուցելյոզով վարակվածությունը ստուգելու նպատակով անասուններից արյան նմուշներ են վերցվել: «Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորոտորիա» ՊՈԱԿ-ում նմուշների ստուգման արդյունքում բրուցելյոզ չի հայտնաբերվել: Հաջորդ օրը ոլորտի պատասխանատուները վերահսկել են նույն տնտեսություններում իրականացվող ճիճվաթափման գործընթացները: Մասնագետները գոհ են մնացել կատարվող աշխատանքների որակից, ինչպես նաև համոզվել են, որ ֆերմաները հագեցված են առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղամիջոցներով: Այցի ավարտին Տիգրան Հակոբյանը շնորհակալություն է հայտնել անասնապահներին սրտացավ աշխատանքի համար և հորդորել անմիջական կապ պահել անասնաբույժների հետ: