ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՍՄԱՐՅԱՆՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
14/08/2015
Օգոստոսի 14-ին գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանն այցելեց Ասկերանի Բերքաձոր գյուղի մերձակայքում գտնվող՝ սիրիահայ Ասմարյան եղբայրների տնտեսություն: Սկզբում նախարարը եղավ ջերմոցային տնտեսությունում, որը հայտնի է մեր տարածաշրջանում տարածում չունեցող կուլտուրաների աճեցմամբ և վաճառքով: Մասնավորապես, այստեղ կան գրեթե բոլոր տեսակի ցիտրուսներ և կիվի, սննդի, օծանելիքի և դեղագործության մեջ օգտագործվող կակտուս և սենյակային էկզոտիկ ծաղիկներ: Տեղի ունեցած մտքերի փոխանակության ժամանակ Արամ Մխոյանը տնտեսվարողների հետ քննարկեց առկա մի քանի խնդիրների լուծման ուղիները՝ գնելով նաև հատուկ ամանների մեջ աճեցված վերոնշյալ տեսակներից մի քանիսը:
-Ցանկալի կլիներ, որ բավականին արհեստավարժորեն աճեցված ու խնամված այս կուլտուրաները ձեռք բերելը և տնային պայմաններում աճեցնելը մեզ մոտ տարածում գտներ, դառնար մշակույթ, առավել ևս, որ շատ տեղերում կլիման ինքն էլ դրան նպաստում է,- նշեց նախարարը:
Այնուհետև Արամ Մխոյանը եղավ Ասմարյանների պտղայգում, որտեղ աճեցվում են թեյ, դեղձ, նուռ և ձիթապտուղ: Նախարարն խրախուսելի համարեց Ասմարյանների կողմից ջրային պաշարների խիստ խնայողաբար, բայց և արդյունավետ օգտագործման հանգամանքը: Այստեղ գործածվում է ոռոգման կաթիլային համակարգը, որտեղ 180 տոննա ջրով ոռոգվում է 7-8 հա այգին՝ 1 հա-ի վրա ծախսելով 25 տոննա ջուր, այն դեպքում, երբ առուներով ջրելու դեպքում, սովորաբար, 1 հա-ի վրա ծախսվում է 500-600 տոննա ջուր: