ԱՀ կառավարության նիստում հավանության է արժանացել գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը
07/02/2018
Փետրվարի 7-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել 2018թ. կառավարության անդրանիկ նիստը, որի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ համապատասխան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ներկայացուցիչները:
Մասնավորապես, ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը՝ նշելով.
-Արցախի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունը բխում է ագրարային ոլորտի ներուժը արդյունավետ օգտագործելու, գյուղատնտեսության ոլորտում նոր կանոններ սահմանելու, ինչպես նաև միջազգային պրակտիկայում կիրառվող գյուղատնտեսական արտադրության նորագույն տեխնոլոգիաների և կազմակերպման առաջադեմ մեթոդների ներդրման պահանջներից:
Հայեցակարգը նպատակ ունի նվազագույնը 10 տարվա համար սահմանել գյուղատնտեսության զարգացման հեռանկարային ուղղությունները, հստակեցնել կենսագործման հիմնական միջոցները, ինչպես նաև գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական աջակցություն տրամադրելու պայմաններն ու մեխանիզմները,-ասել է նախարարը, ով նախանշել է նաև հայեցակարգի հիմքում ընկած խթանման ենթակա հիմնական ուղղությունները՝
բուսաբուծության ոլորտի զարգացում,
անասնաբուծության ոլորտի զարգացում,
անասնաբուժական գործի արդյունավետության բարձրացում,
ոռոգման արդիական համակարգերի ներդրում և ընդլայնում,
գյուղատնտեսական հումքի վերամշակում և
սննդամթերքի անվտանգության ու որակի ապահովում:
Ժ. Միրզոյանը նշել է, որ կառավարության որոշումներով կմանրամասնվեն յուրաքանչյուր ուղղության զարգացման առանձնահատկությունները, պետական աջակցության ձևերն ու չափերը: Որպես առաջնահերթություն նախատեսվում է կարճ ժամանակահատվածում ընդունել բուսաբուծության և ոռոգման համակարգերի համալիր զարգացման ծրագիրը, անասնապահությանը ներկայացվող պարտադիր պահանջները, բնական կերահանդակների օգտագործման կարգը: Առաջարկվելու է որոշ փոփոխություններ իրականացնել հողային օրենսգրքում:
— Հայեցակարգում առանձնացրել ենք մի քանի ցուցանիշ, որին նախատեսում ենք հասնել 10 տարվա ընթացքում:
Մասնավորապես, բուսաբուծության ոլորտում ցանքային տարածքները կհասցվեն 100 000 հեկտարի, որը կգերազանցի 2017 թվականի մակարդակը շուրջ 35 տոկոսով: Ոռոգվող տարածքներում և նախալեռնային գոտիներում ցանքաշրջանառության կիրառումը պետական աջակցություն ստանալու համար կդարձվի պարտադիր պայման, ինչի արդյունքում կավելացվեն գարնանացան մշակաբույսերի տարածքները և կկազմեն ընդհանուր ցանքատարածքի ոչ պակաս քան 30 տոկոսը: Կերային մշակաբույսերի տարածքները կհասցվեն 6 000 հեկտարի: Բազմամյա տնկարկների տարածքները կհասցվեն շուրջ 12 000 հեկտարի, որից նվազագույնը 5 000 հեկտար պետք է կազմեն նռան այգիները: Ջրային ռեսուրսների առկայության դեպքում արտադրական նշանակության բոլոր այգիները կունենան ոռոգման կաթիլային համակարգեր և այգեգործության ճյուղը կհասցվի արդյունաբերականացման:
Անասնաբուծություն ոլորտում
Կերային մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացման, արոտների ջրարբիացման ու արդյունավետ կառավարման, անասնաբուծության կանոնակարգման ծրագրերի իրականացման արդյունքում նախատեսում ենք շոշափելի բարձրացնել անասնաբուծության շահութաբերությունը և ավելացնել անասնագլխաքանակը, մասնավորապես,
խոշոր եղջերավոր կենդանիների մասով՝ նախատեսում ենք գլխաքանակը ավելացնել 17 000-ով և հասցնել շուրջ 60 000-ի, խոզերի քանակն ավելացնել 15 000-ով և հասցնել 35 000-ի, մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը ավելացնել 45 000-ով և հասցնել 100 000-ի:
Տեղական նախիրի ցեղային հատկանիշների բարելավման, արհեստական սերմնավորման ծրագրերի, ինչպես նաև կերակրման և պահվածքի խիստ ռեժիմի շնորհիվ մեկ կովի կաթնատվության մակարդակը նախատեսվում է հասցնել 3300 կիլոգրամի:
Անասնաբուժական գործի արդյունավետության բարձրացումը դիտարկելով որպես հայեցակարգի առանձին ուղղություն՝ նպատակ ունենք ներդնել անասնագլխաքանակի հաշվառման ու համարակալման թվային համակարգ և արմատապես վերանայել հիվանդությունների կանխարգելման գործող կարգը:
Գյուղատնտեսության ոլորտում ընդգրկված մասնագետների և գյուղատնտեսական գործունեություն իրականացնող անձանց մասնագիտական ուսուցումը, վերապատրաստումը և խորհրդատվական ու մեթոդական աջակցությունը համարվում է հայեցակարգի բոլոր ուղղությունների բաղկացուցիչ մաս,- հավելել է նախարարը:
Նախագահ Սահակյանը հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ հատուկ կանգ առնելով գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի վրա՝ նշելով, որ այն առանցքային նշանակություն ունի մեր երկրի սոցիալ-տնտեսական հետագա զարգացման համար:
Նա նշել է, որ Հայեցակարգը կհանդիսանա գյուղատնտեսության ոլորտի բոլոր թեւերի համաչափ ու ինտենսիվ զարգացման կարեւորագույն գրավականը միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարով: «Հայեցակարգով սահմանված քաղաքականության իրագործման արդյունքում ակնկալվում է տնտեսության կայունությունը եւ կանխատեսելիությունը ապահովող, զարգացած գյուղատնտեսություն, երկրում ինքնաբավության մակարդակի բարձրացում եւ միջազգային մրցունակության աստիճանի զգալի ավելացում»,-ընդգծել է իր խոսքում երկրի ղեկավարը՝ հավելելով, որ բոլոր շահագրգիռ մարմինները եւ օղակներն իրենց լիազորությունների շրջանակներում պետք է ըստ ամենայնի աջակցեն այս կարեւոր ծրագրի հաջող իրականացմանը: