|
ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանի ամանորյա ուղերձը գյուղոլորտի ներկայացուցիչներին
31/12/2021 Պատմության գիրկն է անցնում 2021 թվականը՝ քրտնաջան աշխատանքի և արարման ևս մեկ տարի:
Արցախի տնտեսության կարևորագույն ճյուղ հանդիսացող մեր բնագավառի համար այն նշանավորվեց որպես աննախադեպ մարտահրավերների դիմակայման և բնագավառի զարգացման համար մեր հետագա ռազմավարության հիմնական կետերի ուղենշման տարի:
Գալիք տարում մենք կշարունակենք հետևողական աշխատանքն Արցախի տնտեսության զարգացման ուղղությամբ: Մեր գլխավոր խնդիրներից կլինեն ներկա իրողության մեջ գյուղատնտեսության ճյուղերի համաչափ զարգացման ապահովումը, տեղական արտադրողների հետ համակարգված շփումների և փոխգործակցության ամրապնդումը, Արցախում նորարարական նախագծերի իրագործման խթանումը:
Այդու, մենք պարտավոր ենք լինել էլ ավելի հետևողական, նպատակասլաց ու բարեխիղճ մեր պարտականությունների նկատմամբ, անդադար զարգացնել ունեցած գիտելիքները և ունակությունները՝ ծառայեցնելով դրանք մեր հայրենիքի շենացմանը և հզորացմանը: Արդյունքում, լիահույս եմ, 2022-ը մեր ոլորտի համար կդառնա առաջընթացի և նոր ձեռքբերումների տարի:
Հարգելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղություն, շարունակական հաջողություններ աշխատանքում և ամենուր:
|